Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանն աշխարհում չապրի, քանի որ Ռուսաստանին պետք չէ խաղաղ ու հզոր Հայաստան, նրան պետք է խամաճիկային Հայաստան, որտեղ նա կնշանակի մարզպետներ, որոնք նրա առաջին իսկ պահանջով կվաճառեն ու կնվիրեն այս կամ այն հարստությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նրա խոսքով՝  Հայաստանի բոլոր ռազմավարական կարեւոր օբյեկտները գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ «Մենք չենք արել դա։ Մենք Ադրբեջանին էլ մեր ոչ մի բանը չենք տա»,- հավաստիացրել է պատգամավորը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ելույթների ժամանակ ցույց է տվել Հայաստանի քարտեզի մակետը, որի վրա չկան Տավուշի չորս գյուղերը։ «Դա այն քարտեզն է, որը դրվել է Ալմաթիի հռչակագրի հիմքում։ Դրանով Հայաստանն ունի ճշտված սահմաններ։ Հայաստանի մակերեսը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր։ Դա այն քարտեզն է, որով Հայաստանը դարձել է ՄԱԿ անդամ։ Այն, ինչը գծված է քարտեզին, հիմք է վերցվում անմիջապես հողի վրա։ Հենց դրա հիման վրա են վարվում սահմանազատման եւ սահմանագծման բանակցությունները։ Այն, ինչը պատկանում է մեզ, պետք է լինի մերը, իսկ այն, ինչը պատկանում է թշնամուն, պետք է հանձնվի»,- նշել է Ասլանյանը։

Նա չի ցանկացել պատասխանել այն հարցին, թե Տավուշի գյուղերի հանձնումից հետո արդյոք հայկական դիրքերն այդ տեղամասում խոցելի չեն դառնա։ Նա, սակայն, ճիշտ է համարել սահմանների ճշտումն սկսել հյուսիսից, այլ ոչ թե Սյունիքի կամ Վայոց ձորի մարզերից, քանի որ, նրա համոզմամբ, Տավուշի մարզում կողմերը կարող են ավելի արագ եւ ավելի հեշտ փոխզիջումներ գտնել, իսկ հետո այդ համաձայնությունը պետք է խորանա այլ տեղամասերում։

«Ո՞վ է ասել, որ մենք տարածքներ ենք տալիս միակողմանի կարգով։ Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի կենսականորեն կարեւոր 31 գյուղերի տարածքներից։ Այդ գործընթացը պետք է սկսվի Տավուշից։ Հայաստանի հրաժարվելը կարող է Ադրբեջանին առիթ տալ մեղադրելու Երեւանին ապակառուցողական դիրքորոշման մեջ»,- ընդգծել է նա։

Հակոբ Ասլանյանը չի բացառել ռազմական սցենարը, որի մասին խոսել է Փաշինյանը, եթե Հայաստանը հրաժարվի այս գործընթացից։ «Այս ամենի հետեւում կանգնած է Ռուսաստանը։ Դա ռուսական ծրագիր է»,- ասել է նա։