Մենք շատ լավ գիտենք Պուտինի եւ Ալիեւի (ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների- խմբ.) գործակալներին՝ ՀՅԴ եւ «Հայաստան» խմբակցություն, մի ամբողջ գործակալական ցանց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նա հավաստիացրել է, որ գիտի, թե ինչպես է ՀՅԴ-ն ոչնչացրել ազգային-ազատագրական պայքարը, ինչպես թույլ չի տվել, որ ֆիդայական պայքարը վերաճի ազգային-ազատագրական պայքարի, ինչպես է համագործակցել Աբդուլ Համիդ II-ի, երիտթուրքերի եւ ԿԳԲ-ի հետ։

Ասլանյանը նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանի ներկա իշխանությունների տարբերությունն այն է, որ նրանք Ալիեւի հետ բարեկամություն չեն անում, այլ ճշտում են սահմանները։ «Դրանք տարբեր բաներ են։ Մենք դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում եւ չենք ստորագրում եղբայրական համաձայնագրեր»,- նշել է նա։

Պատգամավորը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը օրակարգում հայտնվել է ոչ Ադրբեջանի պահանջով։ Նա դա անվանել է ընդդիմության մանիպուլյացիա։ «Մենք վաղուց կողմնակից ենք Սահմանադրությունը փոխելու գաղափարին։ Հենց որ ընդդիմությունն իմացավ այդ մասին, անմիջապես ազդանշաններ ուղարկեց իր բարեկամ Ալիեւին, որպեսզի նա ամեն բան այնպես ներկայացնի, որպեսզի այդ գործընթացը որպես Բաքվի պահանջի իրականացում թվա»,- ասել է խորհրդարանականը։

Նրա գնահատմամբ՝ ՀՀ Սահմանադրությունը չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին եւ հայ ժողովրդի ակնկալիքներին։ «Մենք կփոխենք Հիմնական օրենքն այնպես, որպեսզի այն իսկապես ծառայի հայ ժողովրդի շահերին»,- ասել է Հակոբ Ասլանյանը։