Եվրոպական հանձնաժողովը ներկայումս տարածաշրջանային ծրագրեր է մշակում` ընդհանուր 70 մլն եվրոյի բյուջեով, «Արեւելյան գործընկերության» երկրների համար: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Բրյուսելում:

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման բարիդրացիության եվրոպական ծրագրեր ստեղծել: Ֆյուլեի փոխանցմամբ, այդ ծրագրերը կնպաստեն տարածաշրջանային եւ գյուղական զարգացմանը, սոցիալական համախմբվածությանը գործընկեր երկրներում, նաեւ կօգնեն նրանց նվազեցնել այդ երկրների միջեւ առկա սոցիալ-տնտեսական տարբերությունները:

Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերությունը» ենթադրում է հետխորհրդային 6 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) քաղաքական եւ տնտեսական մերձեցում Եվրամիության հետ: