Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 10-ին, Կառավարությունում ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին: Կառավարության ղեկավարը բարձր գնահատելով Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի իրականացրած ծրագրերը՝ ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը գնալով  ամրապնդվում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեյմս Թրուշարդը նշել է, որ տպավորված է տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտում Հայաստանում իրականացվող օրինակելի քաղաքականությամբ: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահն ասել է, որ այն լուրջ ազդեցություն կարող է թողնել համաշխարհային տնտեսության մեջ մեր երկրի դերակատարության բարձրացման գործում:

Այնուհետեւ, կողմերը քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդիական ճարտարագիտական ուսումնական լաբորատորիաների հիմնմանը եւ դրանք բարձրակարգ սարքավորումներով համալրելուն, ինչպես նաեւ Գյումրիի տեխնոպարկում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի հնարավոր գործունեությանը վերաբերվող հարցեր:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել «Նեյշնլ ինսթրումենթս»-ի հետ համագործակցությունը եւ հույս հայտնել, որ Ջեյմս Թրուշարդի այցելությունը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: