Միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» տիեզերական կայանը ամերիկյան NORAD-ի նախնական հաշվարկներով նոյեմբերի 26-ին կարող է ընկնել Երկրի վրա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կայանի առավելագույն բարձրությունը 345 կմ է, նվազագույնը` 213, այն շարժվում է թեք ուղեծրով, եւ եւ պտույտի հետ հեռավորությունը նվազում է, արդյունքում կայանը կարող է ընկնել: «Ֆոբոսի» հետ կապ հաստատելու նոր փորձերն ավարտվել են անհաջողությամբ: Կապ հաստատելու փորձեր են անում Եվրոպական տիեզերական գործակալությունն ու NASA-ն:
Տարբեր գնահատականներով, Ռոսկոսմոսի մասնագետներից մինչեւ երեք շաբաթ կպահանջվի կայանի աշխատունակությունն ապահովելու համար: Եթե ճարտարագետներին չհաջողվի վերականգնել կապը, «Ֆոբոսը» կվերածվի տիեզերական աղբի եւ շուտով կընկնի Երկրի վրա:
«Ֆոբոս-Գրունտ» կայանը տիեզերք է թռել նոյեմբերի 9-ին Բայկոնուր տիեզերակայանից, բայց Մարսի թռիչքի ուղեծիր դուրս չի եկել: Այն պետք է կարեւոր գիտական փորձեր իրականացներ, նաեւ Մարս հասցներ չինական «Ինհո-1» արբանյակը: Գլխավոր խնդիրը Մարսի վրա արբանյակի իջեցումն էր, գրունտի հավաքումը եւ վերադարձը Երկիր:




























