Իշխանությունները հոգեվարքի մեջ են, սակայն համապատասխան մակարդակի դիմադրություն է անհրաժեշտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա կարծիքով՝ երբ հանրությունը տարբեր փուլերում պայքարի է դուրս եկել, հաջողվել էր կանխել բացասական որոշ գործընթացներ, բայց երբ հասարակությունը նահանջեց պայքարից, Փաշինյանն անմիջապես վնաս հասցրեց հանրությանը։
«2022 թվականի ամռանը կար Դիմադրության շարժումը, Փաշինյանը կաշկանդված էր, բայց հենց պայքարի ալիքը մարեց, Փաշինյանն ու Ալիևը միանգամից ձեռք ձեռքի տված իրականացրին «Ջերմուկ» օպերացիան, հետո վազեցին Պրահա, և Փաշինյանը հրաժարվեց Արցախից։ Երեկ Լավրովն ասում էր, չէ՞, որ զարմացել են՝ ինչ հեշտությամբ Փաշինյանը հրաժարվեց Արցախից։ Խնդիրը շատ պարզ է՝ եթե հասկանում ենք, որ Փաշինյանն ի սկզբանե պետք է կատարեր Ադրբեջանի բոլոր պահանջները, ապա նրան պետք էր ոչ թե դիմադրել այդ պահանջներին, այլ ընդհակառակը՝ դրանք անելու պատրվակներ գտնել։ Ջերմուկի օրերին ասաց, չէ՞, մարդկանց, որ թուղթ է ստորագրելու, իրեն դավաճան են ասելու, բայց միևնույնն է՝ ստորագրելու է։ Քանի փողոցը կանգնած էր, Փաշինյանը չէր կարող ստորագրել այդ թուղթը, հենց փողոցը մարեց, վազեց, ստորագրեց այդ թուղթը։ Եթե հիմա կա ըմբոստություն, ոչ մի 4 գյուղ էլ չի հանձնի»,- նշեց Չալաբյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը հույս ունի, որ դիմադրությունը կմարի, և ինքը զորքերին այդ դիրքերից հետ քաշվելու հրաման կտա։
«Որպեսզի դա տեղի չունենա, ըմբոստությունը պետք է մշտական լինի: Այդ դեպքում Ադրբեջանը կհասկանա, որ սա անհեռանկարային է իր համար և կհրաժարվի դրանից։ Չեմ ուզում լիովին բացառել պատերազմի հավանականությունը, բայց Ադրբեջանին դրա համար որևէ պատճառ պետք չէ. հենց Բաքուն տեսնի, որ միջազգային խաղացողներն այդ պատուհանը բացում են իր առջև, կհարձակվի, եթե ոչ՝ չի հարձակվի»,- նշեց Չալաբյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ հանրային ընդվզումը պետք է սպառնա Փաշինյանի իշխանությանը, որպեսզի նա հասկանա, որ մոտենում է իրեն անվստահություն հայտնելու պահը։
«Ո՞ր դեպքում դա հնարավոր կլինի, եթե Փաշինյանն ունի ԱԺ պատգամավորների մոտ 2/3-ի անվերապահ աջակցությունը։ ՔՊ-ականների միանալու համար երկու նախադրյալ կա։ Առաջինը՝ նրանք հասկանում են, որ Փաշինյանն իրենց տանում է բացարձակ աղետի, ՔՊ-ի մեջ այդ ցեցը սկսել է աստիճանաբար տարածվել, հասկանում են, որ այդ միակողմանի զիջումը կբերի պատերազմի, որ Փաշինյանն անթաքույց աշխատում է Ադրբեջանի օգտին, և վախենում են դրանից։ Երկրորդը՝ պետք է լինի ընդդիմության միասնական առաջնորդ, որն այս պահին չկա։ Ընդդիմության, դիցուք, 10 առաջնորդների խնդիրն է պայմանավորվել միասնական առաջնորդի հարցի շուրջ և որոշում են, որ մյուս 9-ն աջակցում են 10-րդին, կոլեկտիվ պատասխանատվություն են կրում ձևավորվելիք կառավարության աշխատանքի համար։ Այդ դեպքում նման միասնական առաջնորդ ի հայտ կգա։ Երրորդը՝ Փաշինյանի իշխանության պահպանման գլխավոր երաշխավորն Ադրբեջանն է՝ ասում է՝ եթե ես չլինեմ, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Հետևաբար, միջազգային երաշխիքներ են պահանջվում, որ անցումային այդ շրջանում Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա չի ձեռնարկի։ Նման երաշխիքներ կարող է տալ կա՛մ հավաքական Արևմուտքը, կա՛մ Ռուսաստանը, կա՛մ, թեև հիմա շատ դժվար է դա պատկերացնել, երկուսը միասին։ Այս երեք գործոններն էլ անհրաժեշտ են։ Վերջերս սկսել ենք զգալ, որ ՔՊ-ի տարբեր պատգամավորներ հակադրվում են Փաշինյանին, նրանք էլ սկսում հասկանալ, որ իշխանափոխությունը դառնում է իրատեսական։ Փաշինյանի վարկանիշը նվազում է․ մի բան է, երբ վարկանիշդ 30% է, և վարչական ռեսուրսի գործադրմամբ հավաքում ես 40%, մեկ այլ բան է, երբ վարկանիշդ 0% է»,- շեշտեց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ ուժային կառույցներում անվերապահ հավատարմություն չկա Փաշինյանի նկատմամբ։
«Կան մարդիկ, որոնք հավատարիմ են նրան՝ հիմնականում ղեկավար կազմում, որոնց Փաշինյանն է նշանակել։ Որքան իջնում եք ներքև, հավատարմության մակարդակը նվազում է, իսկ ամենաներքևում շատերն անգամ ատում են Փաշինյանին, որովհետև գիտակցում են, որ նա հանձնում է երկիրը»,- ընդգծեց Չալաբյանը։
Դիտարկմանը, որ իշխանությանը հաջողվում է կառավարելի պահել առկա ատելությունն ու ըմբոստությունը, իսկ երբ ընդդիմությունը չի համախմբվում, ուժայինների աջակցությունն իշխանության նկատմամբ պահպանվում է, Չալաբյանը նկատեց՝ ընդդիմությունը պետք է համոզի, որ իրենց քայլերը միտված են ոչ թե անցյալին վերադառնալուն, այլ ապագային։
«Եթե մենք ուզում ենք հասնել լեգիտիմ իշխանափոխության, որը նաև կընդունվի աշխարհի կողմից և ներքին ցնցումների չի տանի, ընդդիմությունը պետք է ձևավորի նոր առաջնորդություն, որն ընդունելի կլինի ժողովրդի մեծամասնությանամար։ Այդ մեխանիզմները կան, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- եզրափակեց Չալաբյանը։











