ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական թիմը քննադատել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին՝ իր սոցիալական ցանցում կապկպված Բայդենի պաստառով պիկապի տեսագրությունը տեղադրելու համար։
Բայդենի նախընտրական թիմը մեղադրել է Թրամփին նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ «կանոնավոր կերպով քաղաքական բռնություն հրահրելու» մեջ։
Իր հերթին, Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչն ասել է, որ դեմոկրատները Թրամփի դեմ «անարգ բռնության» կոչ են անում։
Թրամփը տեսանյութը հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցում ուրբաթ օրը։
Տեսանյութի մակագրության համաձայն, այն նկարահանվել է հինգշաբթի օրը Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդում, երբ ԱՄՆ նախկին նախագահը մասնակցում էր ոստիկանության աշխատակցի հուղարկավորությանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես երկու պիկապ են անցնում ճանապարհով, երկուսի վրա էլ ԱՄՆ և ոստիկանությանն աջակցելու կոչով դրոշներ են փակցված:
Երկրորդ պիկապի վրա գրված էր «Թրամփ 2024», իսկ մեքենայի հետևի մասում պատկերված էր ձեռքերն ու ոտքերը կապկպած Բայդենը:











