Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն (Պոլիտեխնիկ) այսօր` նոյեմբերի 11-ին, հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011թ. Մրցանակի դափնեկիր, Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին եւ նրա տիկնոջը` Ջանեթ Վոզնյակին:

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՊՃՀ գիտխորհրդի որոշմամբ, Սթիվ Վոզնյակին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Այդ կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստը բացել է ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը:

Սթիվ Վոզնյակն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է ՀՀ-ում իմ գտնվելը. այս համալսարանը մեծ նշանակություն ունի ինձ համար, ինչպես աշխարհի ցանկացած այլ պոլիտեխնիկական բուհ: Վաղ հասակում եմ հասկացել, որ պետք է ճարտարագետ դառնամ, քանի որ ճարտարագետներն են, որ կարողանում են ինչ-որ բան ստեղծել, արարել: Մեր կյանքը լի է եղել եւ շարունակում է լեցուն մնալ տեխնոլոգիաներով: Ես սիրահարված եմ համակարգչին, որովհետեւ կարող եմ այն ծրագրավորել: Ասեմ, որ իմ ջանքերը կիրառել եմ դեռեւս Սառը պատերազմի ժամանակ. այն ժամանակ ես մտածում էի, որ եթե որեւէ մեկը քեզ վնասում է, ապա պարտադիր չէ, որ դու էլ նույն կերպ պատասխանես. այդ իսկ պատճառով ես այսօր հպարտ ու պարզ կանգնած եմ ձեր առջեւ: Երեկ երբ հանդիպեցի կաթողիկոսի հետ, վերհիշեցի ուսանողական տարիներս, երբ ինձ ներշնչում էր ոչ միայն գիտությունը, այլ նաեւ հավատքը»:

Նշենք, որ մինչ այժմ ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել INTEL կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 1-ին մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական եւ հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին եւ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: