Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 11-ին, կառավարությունում ընդունել է «Apple computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին եւ նրա հետ քննարկել ՏՏ ոլորտում աշխարհում տեղի ունեցող զարգացումները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունելով հյուրին կառավարությունում՝ շնորհակալություն է հայտնել նրան Հայաստան կատարած այցելության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում տեղի ունեցող զարգացումների եւ հեռանկարների, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության վերաբերյալ:

«Apple computer» կորպորացիայի համահիմնադիրը Հայաստանից ստացած իր տպավորություններն է ներկայացրել վարչապետին՝ նշելով, որ հիացած է մեր երկրով եւ նրա քաղաքակրթությամբ:

Սթիվ Վոզնյակը Հայաստանում է գտնվում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: