Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցը, Դիարբեքիրից ընտրված քուրդ պատգամավորները բնակչությանը հայտնել են, որ թուրքական զինուժի կողմից Քազանի հովտում սպանված քուրդ զինյալների թաղումը կուղեկցվի զանգվածային միջոցառումներով։
Firat գործակալության փոխանցմամբ՝ BDP-ի Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Զուբեյդե Զումրութը նշել է, թե Թուրքիայի իշխանությունները Կուրբան բայրամին իրենց իշխանության համար քուրդ եւ թուրք ժողովրդի երեխաներին զոհաբերեցին: «Քուրդ մայրերը գերեզմաններում, դիահերձարաններում են լուսացնում, սակայն իշխանություններին դա ոչ մի կերպ չի հուզում։ Իսկ ով փորձի ձայն հանել, արցունքաբեր գազով, մահակով եւ ձերբակալությամբ կլռեցնեն»,-նշել է Զուբեյդե Զումրութը։
Ըստ քուրդ կին գործչի՝ ժամանակին Թանսու Չիլլերը եւս փորձեց քրդական հարցը ուժով լուծել եւ քրդերին քաղաքականությունից ջնջել, սակայն Չիլլերը ջնջվեց քաղաքականությունից, կորցնողը եղավ երկիրը եւ ժողովուրդը։ Նա նշել է, թե Մալաթիայի դիահերձարանից Դիարբեքիր բերվող PKK-ի զինյալների դիակները մեծ շուքով են թաղվելու։



























