Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին պարտադրել Ալեքսանդրապոլ II՝ վերածելով Թուրքիայից կախված երկրի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը ողջ Հայաստանն իրավական վերահսկողության տակ վերցնելն է եւ անվտանգության հարցերի վերահսկելու հնարավորություն ստանալը, իսկ դա շատ ավելի վտանգավոր է, քան մի քանի գյուղերի զավթումը։ «Երբ տարածաշրջանից Ռուսաստանը հեռանա, այստեղ կգա Թուրքիան՝ մասամբ Ադրբեջանի տեսքով, այլ ոչ թե Արեւմուտքը»,- համոզված է Կիվիրյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվում, նա ճնշում է գործադրում, լարվածություն ստեղծում, բանը տանում բախումների, հետ փորձում մեղադրել հակառակորդին եւ զավթել նոր դիրքեր։ «Քանի դեռ Ադրբեջանին չենք կանգնեցրել, նա շարունակելու է այս ռազմավարությունը։ Նա ձգտում է պահել Հայաստանին մշտական լարվածության մեջ՝ փորձելով իր համար շահ կորզել։ Եթե նրան թույլ տանք, նա կհասնի մինչեւ Կասկադ»,- ընդգծել է նա։

Կիվիրյանի կարծիքով՝ հին աշխարհակարգը փլուզվել է, ուստի ով ինչ կարող է, այն էլ զավթում է, քանի դեռ չի ձեւավորվել նոր աշխարհակարգը։ Փորձագետը բերել է Սիրիայի, Ուկրաինայի, Պաղեստինի օրինակները։ «Հայաստանը պետք է պատրաստ լիներ այսպիսի սցենարների»,- ամփոփել է փորձագետը։