Եթե Մոսկվան որոշի դուրս բերել ռազմակայանը Հայաստանից, ապա դուրս կբերի անկախ պայմանագրից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով, եթե Վրաստանը չպահանջեր դուրս բերել ռուսական ռազմակայանները, ապա Ռուսաստանը չէր դիմի լայնածավալ պատերազմի։ «Մենք տեսնում ենք Ռուսաստանի ձեռագիրը եղբայրական Ուկրաինայում։ Ինչո՞ւ է հայերին թվում, թե Մոսկվան իրենց հանդեպ բարի կամք կցուցաբերի։ Ռուսաստանը, գուցե, լավագույն դաշնակիցը չէ, բայց շատ դաժան թշնամի է»,- նշել է նա։
Կիվիրյանը բացատրել է, որ քանի դեռ Ռուսաստանը Հայաստանում ռազմական ներկայություն ունի եւ տնտեսական լծակներ, Հայաստանի ցանկությունից ոչինչ կախված չէ, ռազմավարական որոշումը կայացնելու է Մոսկվան։ «Հայաստանի իշխանություններն առայժմ չեն կողմնորոշվել Ռուսաստանից հեռանալու հարցում, քանի որ Մոսկվայից որոշակի վախ ունեն։ Ռուսաստանը Հայաստանի դեմ դեռ ոչ մի միջոց չի ձեռնարկել, քանի որ Հայաստաննը նրա համար պատժամիջոցները շրջանցելու հարթակ է»,- ընդգծել է նա։
Փորձագետը վստահ է, որ գեղեցիկ խոսքերից բացի Արեւմուտքը ոչ մի երաշխիք Հայաստանին տալ չի կարող։ Նա ավելացրել է, որ Հայաստանի իրական թշշնամիներն են Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնց հետ Արեւմուտքը խնդիրներ չունի։
«Հանուն ինչի՞ պետք է Արեւմուտքը օգնի Հայաստանին՝ հաշվի առնելով համագործակցությունն Ադրբեջանի հետ էներգակիրների ոլորտում։ Եթե Հայաստանը բախվեր Ռուսաստանի հետ, ապա Արեւմուտքը ավելի լուրջ աջակցություն կցուցաբերեր, բայց նորից անվտանգության երաշխիքներ չէր տա։ Մոսկվան հանգիստ է նաեւ այս պատճառով։ Նա գիտի, որ Արեւմուտքը Հայաստանի անվտանգության երաշխիքներ չի տա, իսկ վերջինը վաղ թե ուշ դիմելու է Ռուսաստանին»,- նշել է Կիվիրյանը։











