ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայ-ադրբեջանական սահմանին հայկական զորքերի մեծ մասշտաբի տեղաշարժերի ու կուտակումների մասին ադրբեջանական կողմի կեղծ լուրերը կապում է ռուսական տելեգրամ ալիքներում տարածված տեղեկատվության հետ: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, նախ նման տեղեկատվություն տարածվեց ռուսական տելեգրամ ալիքներում, ապա Ադրբեջանը դա տեղադրեց նաև իր տելեգրամ ալիքներում, այնուհետև արեցին պաշտոնական հայտարարություն, թե հայերը պատրաստվում են սադրիչ գործողությունների և այլն։
«Այո, սա կապում եմ ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց նաև մեզ համար խորթ չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ձեռագիրը, ամեն անգամ ինչ-որ հարձակողական կամ սադրիչ գործողությունից առաջ այսպիսի կեղծ լուրեր է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումների համար»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանին նմանատիպ սադրանքները հաջողվում էր 1-2 տարի առաջ, իսկ այժմ երբ տեղակայված են ԵՄ դիտորդները, այլևս անհնար է դարձել․ «Հիմա գոնե ժամեր անց ԵՄ դիտորդները օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է։ Եվ բռնապետ Ալիևի հանցավոր ռեժիմը ամեն անգամ նման ապատեղեկատվություն տարածելուց հետո փորձում է արդեն ռեալիզացնել իր նկատառումները հարձակումների տեսքով արդեն չի ստացվում»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե խաղաղության ենք գնում «պրիմիտիվ ձեռագրով» երկրի հետ, ինչպե՞ս է դա հաջողվելու, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ոչ մեկ չի ասել, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության: Նա ամեն ինչ անում է, որ վիժեցնի այդ խաղաղությունը։ Հայաստանը սակայն միանշանակ գնալու է խաղաղության ուղով, և պարտադրելու ենք խաղաղություն, Ադրբեջանը պետք է լինի կառուցողական: Ադրբեջանին պետք է ստիպել, որ նա վերադառնա կառուցողական դաշտ և հաշվի նստի հանգամանքների հետ»։
Հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանն Ադրբեջանին պարտադրելու, եթե ադրբեջանական զորքին դեռ չենք կարողացել պարտադրել նույնիսկ մեր սուվերեն տարածքից դուրս գալ, պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ իր փուլերի մեջ է։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռազմական բալանսը էականորեն խախտվեց, և Ադրբեջանն այսօր խոսում է միայն ուժի դիրքերից։ Այսօր մենք մեր զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ ենք անում, ինչը քիչ տեսանելի է, բայց որոշակի ժամանակ անց մենք հաստատ ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն ունենա ապահովել մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Դրան մենք հասնելու ենք: Այժմ բոլորը հասկանում են Ադրբեջանի սադրանքները, նա ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի զարգացումը կասեցնիԼ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա արհամարհել ողջ աշխարհի կարծիքը»։











