Սահմանագծման և սահմանազատման գործընթացը մեր եղած սահմանների վերահաստատումն է և վերաարձանագրումը, այդ սահմանները կան, որևէ նոր սահմաններ չեն կարող լինել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Այն, ինչը մեր տարածքում է, մերն է, այն, ինչը մերը չէ, դա վերադարձվելու է Ադրբեջանին: Նույնկերպ, Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է:
Սահմանազատումն իրավական դաշտում է, եթե որոշվել է սկսել Տավուշից, երևի ամեն տարածք հասնելիս կստորագրվի, որ այս տարածքը սահմանազատված է, այլևս խնդիր չկա, համաձայն այս քարտեզների, այս իրավական ակտերի, այդ նույն համաձայնությամբ բոլորը պետք է արվի»,-ասաց նա:
Հարցին՝ Ադրբեջանը ունի՞ տարածքներ վերադրաձնելու մտադրություն, այս առումով Հայաստանն Արևմուտքից սպասումներ ունի՞, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա արհամարհել Արեւմուտքին եւ ընդհանրապես միջազգային իրավունքի նորմերը: Ադրբեջանին միջազգային քրեական դատարանում սպասում են պրոցեսներ: Միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքակազմ ունի այն երկրների դեմ, որոնք սկսում են խախտել միջազգային իրավունքի նորմերը: Շատ քչերին է հաջողվում այդ պարտժողականմեխանիզմից դուրս պրծնել: Հաստատ Ադրբեջանը կհայտնվի այդտեղ, եթե շարունակի իր ռազմատենչ քաղաքականությունը»:
Հարցին՝ կա՞ արդյոք որևէ համաձայնեցված քարտեզ Երևանի ու Բաքվի միջև, որով էլ առաջնորդվում են կողմերը, պատգամավորը պատասխանեց. «Երևանը որևէ քարտեզ չի համաձայնեցնում Բաքվի հետ, քանի որ Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ու սահմաններ ունի։ Որևէ մեկի հետ մենք դա չպետք է համաձայնեցնենք։ Այդ քարտեզով մենք մետր-մետր առաջ ենք գնացել։ Դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է: Պետական սահմանից մի մետր փոփոխություն չի կարող լինել»:
Անդրադառնալով նրան, որ Տավուշում սահմանազատումից հետո, երբ Ադրբեջանը կստանա իր ուզածը, կարող է դադարեցնել այդ գործընթացը այլ հատվածներում, արդյոք դա ռիսկեր չի պարունակում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Գործընթացը ռիսկային չէ։ Եթե ի լուր ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ գործընթաց է սկսվել, որ այն համաձայն պետական սահմանների է իրականացվելու և ինչ-որ տարածքից ենք սկսել, որտեղ խնդրահարույց կետ կա, եւ հայաստանը վերադարձնում է ադրբեջանական տրածքները, նշանակում է՝ գործընթացն արդեն սկսված է եւ բոլոր տարածքներում պետք է գործընթացն իրականացվի և ամեն գնով մինչև վերջ տարվի՝ այդ թվում միջազգային ճնշումներով, պետք լինի՝ միջազգային դատարան դիմելով»:
Դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքեց. « Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում: Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է՝ պետք է տրվի մեզ»:
Պատգամավորի խոսքով՝ բոլոր հարցերը լուծվելու են, այդ թվում նաև ճանապարհների հարցը, որն ինժեներական լուծումների խնդիր է. «Այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, այո, շատ հարմար է։ Եթե հազար հեկտար էլ լիներ, ավելի լավ կլիներ: Բայց շահագրգռվածությունն այն է, որ գործընթաց է սկսվել և դու չես կարող չվերադարձնել», - հավելեց Արմեն Խաչատրյանը։











