Վանում, նոյեմբերի 9-ի հերթական երկրաշարժից հետո Թուրքիան կրկին օգնության կոչով դիմել է միջազգային հանրությանը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիան կոչ է արել օգնել թեթեւ նյութերից արագ պատրաստվող տնակներով (պրեֆաբրիկ տնակ) եւ վրաններով։
Թուրքիայի Վան նահանգում, նոյեմբերի 9-ին, տեղի ժամանակով 21:23-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արտամեդում:
Վանում փլվել է 25 շենք, այդ թվում «Բայրամ» եւ «Ասլան» հյուրանոցները, որտեղ եղել են լրագրողներ եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները։ Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 19, փլատակների տակից դուրս բերվել՝ 30 հոգի։
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Թուրքիայից օգնության հայտ չի ստացվել։
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Հայաստանը Թուրքիայի խնդրանքով 40 տոննա օգնություն էր ուղարկել։


























