Անհրաժեշտ է, որ կառավարությունը երկխոսություն սկսի ակադեմիական շրջանակների հետ: Հարկավոր է բացատրել՝ ի՞նչ և ովքե՞ր են կանգնած այս նախագծի հետևում։ Գիտնականնե՞ր են, թե՞ քաղաքական գործիչներ։ Կառավարությունում ո՞վ է նախաձեռնել այս գաղափարը։ Այս հարցի պատասխանն էլ թերևս վստահություն կամ անվստահություն կձևավորի գաղափարի նկատմամբ: Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ընլայնված ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միավորելու կառավարության ծրագրերը։
Միքայելյանը ենթադրում է, որ երկրում ակադեմիական համակարգը լուծարելու խնդիր է դրվել։ «Այս բոլոր քայլերն ուղղված են նրան, որ Գիտությունների ազգային ակադեմիան չխանգարի իշխանություններին։ Մտավախություն կա, որ ուսումնական և գիտական հաստատությունների շենքերը ցանկանում են վաճառել։ Ես աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել, որ արդեն գոյություն ունեցող համակարգը քանդելով՝ ինչ-որ բան ստեղծվի»,- հավելել է նա։
Միքայելյանը համոզմունք է հայտնել, որ 2027 թվականից հետո ԳԱԱ բոլոր ինստիտուտները կմնան իրենց տեղերում, սակայն կհայտարարվի, որ տեղի է ունեցել միավորման գործընթաց։ «Գիտության հետ խաղե՞ր եք խաղում, ինչ է: Հասկանալի է, որ 2027 թվականին ակադեմիական քաղաք չի լինի։ Ամբողջ նպատակը ակադեմիական համակարգը լուծարելն է»,- ընդգծել է գիտնականը։
Նա հիշեցրել է, որ խորհրդային տարիներին Հայաստանը առաջատար դիրք ուներ ԽՍՀՄ մյուս հանրապետությունների շարքում։ «Սակայն ԽՍՀՄ-ն իր հնարավորություններով այս ամենը կառուցել է տասնամյակներ շարունակ։ Հայաստանն ինչպե՞ս է կարճ ժամանակում փոփոխություններ իրականացնելու։ Հայկական բանակը շատ թույլ է և հայտնի չէ, թե ուր է գնում։ Քաղաքացիական բնակչությունը զորակոչվում է բանակ: Արցախի արտագաղթից հետո պետք է քանակական հարցը լուծվեր, փոխարենը կանչում են արդեն հմտությունները կորցրած մարդկանց։ Սա նշանակում է, որ խնդիր կա»,- հավելել է Միքայելյանը։
Գիտնականը նաև մատնանշել է դիվանագիտության ոլորտի, արցախցիների, սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները։ Միքայելյանը չի բացառել, որ իշխանությունների առաջարկած նախագիծն ուղղված է հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելուն:





























