Հայկական Սփյուռքն այսօր շատ մեծ ուժ է, եւ ճիշտ աշխատանքի դեպքում Հայաստանը կարող է ունենալ մեծ հաջողություններ․ այսօր՝ ապրիլի 3-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն, ինչպես նաեւ հայրենադարձ գրող, բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» գրքի հեղինակ Մարիաննա Շահպարոնյանը։ Նա խոսեց նորաբաց կազմակերպության առաքելության ու գլխավոր նպատակների մասին։
Ամեն ինչ սկսվել է հեղինակի համանուն գրքի հրատարակումից հետո առաջացած դրական արձագանքից։ Այն լույս է տեսել 2023 թ-ին եւ ներառում է հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, որոնք Մարիաննան գրել է Արցախյան երկրորդ պատերազմի ու Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակաշրջանում՝ ելնելով իր ապրումներից։ Գիրքը հետաքրքրություն է վայելել նաեւ օտարերկրացիների շրջանում, ինչի արդյունքում թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, գերմաներեն եւ հոլանդերեն։
«Որոշեցինք այն թարգմանել, որովհետեւ մեծ հետաքրքրություն նկատեցինք նաեւ օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագիտական կորպուսի աշխատակիցների կողմից։ Թարգմանությունները կարեւորում եմ, քանի որ հիմա մենք Սփյուռքում ունենք երիտասարդներ, ովքեր, ցավոք, լիարժեք չեն տիրապետում հայոց լեզվին, իսկ բանաստեղծությունները հայրենիքի մասին են եւ խրախուսում են հայրենասիրություն ու հայրենադարձություն, ինչով էլ թարգմանությունը կարեւոր է»,-նշեց Մարիաննա Շահպարոնյանը։
«Գրքի շրջանակում մենք այցելել ենք Հայաստանի մարզկենտրոններ, ինչպես նաեւ՝ Սփյուռքի հիմնական գաղթօջախներ։ Եղել ենք Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Իսպանիայում․ այդ այցերի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ շփումներ եւ քննարկումներ մեր հայրենակիցների հետ, ինչի արդյունքում որոշեցինք ստեղծել «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը, որը ինտիտուցիոնալ կերպով կզբաղվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցերով։ Մենք մեր առջեւ դրել ենք տարբեր նպատակներ, ունենք պրոֆեսիոնալ, երիտասարդ եւ պատրաստակամ թիմ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի մենք կարողանանք իրականացնել դրանք»։
Կազմակերպության առաջնային նպատակներից են՝
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման աշխատանքները
Ազգային համախմբումը
Հայրենասիրության եւ հայրենադարձության խրախուսումը
Հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայության միավորումը ազգային արժեքների շուրջ
Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ մասնավորապես կանանց իրավունքների։
«Մենք նաեւ նպատակ ունենք այնպես անել, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախները միմյանց հետ ունենան կապեր, եւ ստեղծենք հստակ եւ համակարգված խողովակներ, որպեսզի աշխարհի տարբեր կետերում մեր հայրենակիցները միմյանց հետ համագործակցեն, ունենան զրույցներ, քննարկումներ, ինչը, կարծում ենք, շատ կարեւոր է»։
Ինքը՝ Մարիաննան, երկար տարիներ բնակվել է Մոսկվայում, եւ չնայած մի շարք բարենպաստ գործնական առաջարկների` 2010 թ-ին ընտանիքի հետ որոշել է վերադառնալ Հայաստան ու բնակվել իր հայրենիքում։ «Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ինքս էլ հայրենադարձ եմ։ Մեր ընտանիքը այդ որոշման համար գեթ մեկ վայրկյան չի փոշմանել։ Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս կարելի է պահպանել հայի ինքնությունը, երբ ապրում ես հայրենիքից հեռու։ Կարծում եմ, որ մեր լեզուն ու հավատքը առանձնահատուկ նշանակություն ունեն այս գործում, ինչպես նաեւ շատ կարեւոր են այցերը դեպի Հայաստան։ Երբ գալիս ես քո երկիր, լինում ես տեսարժան վայրերում, շփումներ ես ունենում Հայաստանում բնակվող մարդկանց հետ, դա մեծ հետք է թողնում քեզ վրա։ Շատ կարեւոր են նաեւ կիրակնօրյա դպրոցները, որոնք գործում են հայրենիքից հեռու, եւ ցանկացած իմ այց զուգակցվում է նաեւ կիրակնօրյա դպրոցներ այցով․ ես միշտ հիացած եմ մնում ուսուցիչների անձնվեր աշխատանքից»։
Մարիաննան հավելում է՝ «Դեպի Հայաստան» համահայկական կազմակերպության առաքելությունն է նաեւ համախմբել աշխարհի հայերին՝ «անկախ նրանց տեսլականներից եւ տարրաձայնություններից․․»․ «Պետք է միավորվել այն գաղափարի շուրջ, որ մենք բոլորս հայ ենք, եւ մեր պարտքն ենք համարում առաջ տանել հայանպաստ գաղափարներն, ու Հայաստանի, հայերի պաշտպանությունն ապահովել մեր երկրի սահմաններից դուրս»,-ասում է նա։
«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության հիմնադրի խոսքով՝ շատ կարեւոր է աշխարհասփյուռ հայության աջակցությունը, ինչը նրանք ամեն օր են ստանում՝ նամակների, շնորհակալական խոսքերի, ինչպես նաեւ՝ առաջարկների ու հրավերների տեսքով։
«Կարեւոր է նաեւ հոգեւորականների աջակցությունը։ Մեծ հպարտությամբ ուզում եմ ասել, որ «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը Լոնդոնում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայոց թեմի բարձր հովանու ներքո, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ ուրախ։ Առհասարակ, մենք պետք է քաջ գիտակցենք, որ Սփյուռքն այսօր շատ մեծ ուժ է, եւ ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ մեծ հաջողություններ, մեր գործողությունները, պարզապես, պետք է լինեն համակարգված։ Իմ կարծիքով սա է հաջողության բանալին»,-հավելեց նա։
«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը չունի որեւիցե քաղաքական կամ աշխարհաքաղաքական ուղղվածություն։ Մարիաննա Շահպարոնյանը նշում է՝ իրենց նպատակը մեկն է՝ աշխատել հանուն հայ ազգի բարօրության․ «Մենք բաց ենք համագործակցության համար, ինչպես նաեւ՝ ակնկալում ենք աջակցություն՝ թե Սփյուռքում բնակվող մեր եղբայրներից ու քույրերից, թե հայաստանաբնակ հայերից՝ լինի դա մարդկային ռեսուրսների, թե ֆինանսական միջոցների տեսքով։ Մեր ֆեյսբուքյան էջում հասանելի կլինի հաշվեհամար (11815042601300 ID Bank), որին, ցանկության դեպքում, յուրաքանչյուրը կկարողանա փոխանցում կատարել՝ մեր գործունեությանը սատարելու համար»,-եզրափակեց նա։











