ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ապրիլի 3-ին գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի միավորման կառավարության ծրագրին նվիրված ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում հարցադրում է արել, թե ինչու են հայտնվել նման իրավիճակում, ինչն է պատճառը, որ հիմա քննարկում են Ակադեմիայի ֆիզիկական գոյության հարցը։

Զաքարյանը պարզբանել է, որ դրա համար կա ակնհայտ պատճառ և մի շարք ոչ ակնհայտ պատճառներ:

«2021 թվականի գարնանը կառավարության ղեկավարի հռետորաբանությունը կտրուկ փոխվեց, և այն ժամանակ ԳԱԱ-ի արտահայտած դիրքորոշումը հանգեցրեց նրան, ինչ տեսնում ենք հիմա։ Քանի դեռ որոշման ընդունումը հիմնավորված չէ, կարելի է եզրակացնել, որ այն քաղաքական բնույթ ունի։ Քաղաքական որոշման դեմ պայքարելու հստակ քայլեր կան: Եթե ընդունում ենք, որ սա քաղաքական որոշում է, պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է դրան հակազդել»,- հավելել է Զաքարյանը:

Ըստ նրա՝ դրան կարելի է հակազդել՝ շփվելով լրագրողների և հասարակական կարծիք ձևավորողների հետ։

«Կառավարությունը որոշում է ընդունում, որը հիմնված չէ որևէ հաշվարկի վրա, այսինքն՝ դիմում է հերթական արկածախնդրությանը։ Շատ կարևոր է, որ ամբողջ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ խոսեն այս խնդրի մասին»,- ընդգծել է Զաքարյանը։

Նա նշել է, որ Ակադեմիան պետք է ակտիվ լինի հասարակական ոլորտում՝ խոսելով իր ձեռքբերումների մասին, որպեսզի այս և հետագա կառավարությունները չկարողանան մանիպուլյացիաներ անել և կասկածի տակ դնել ԳԱԱ-ի արդյունավետությունը։