Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին կալանավորումներից հետո ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ–ում քաղբանտարկյալներ կան։

«Հայաստանը ժողովրդավար երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերն ու տեսնում ես թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբաները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։

Յուրաքանչյուր մարդ իր պաշտպանողական ստրատեգիայում որոշում է, թե ինչ ձևով է պաշտպանվում, կան մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակահատված պետական պաշտոններ են զբաղեցրել ու իրենց նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, իրենց փաստաբաներն ընտրում են հեշտ պաշտպանվելու միջոցը՝ պարուրելով այդ գործը քաղաքական էլեմենտներով, որ ավելի շատ հետաքրքրի գործն ու լուսաբանվի»,- ասաց նա:

Դրա փոխարեն, ըստ նախարարի, իրականությունը հետևյալն է․ «Լինի գործող, նախկին կամ ապագա պաշտոնյա, Հայաստանում բոլորը պետք է իմանան ու գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Դատարանի որոշմամբ` երկուսն էլ կալանավորվել են 2 ամիս ժամկետով։