Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 11-ին, մասնակցել է Երեւանում կազմակերպված «Արեւելյան գործընկերության քաղաքականության ազգային եւ եվրոպական հարթությունները» խորագրով ամենամյա 7-րդ միջազգային երկօրյա համաժողովին: Կառավարության ղեկավարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի՝ ԵՄ-ին ինտերգրման, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ այլ հիմնահարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, քանի որ արդար պետության եւ հասարակության կառուցման լավագույն մոդելը դրսեւորվում է Եվրոպայում, եւ այն արժեքային համակարգը, որին մեր պետությունն ապավինում է՝ գործում է հենց այնտեղ:

«Մեր նպատակն ու խնդիրն է ուսումնասիրել Եվրոպայի փորձը, բացահայտել այնտեղ առկա խնդիրները եւ Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներ»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ մեր երկրում հռչակված արժեքների եւ իրականության մեջ գոյություն ունի ճեղվածք եւ այն լրացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ԵՄ-ի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը, որն էլ ցուցաբերվում է մեր պետությանը Արեւելյան գործընկերության քաղքականության շրջանակներում: «Այդ օժանդակության նպատակն է լրացնել այդ ճեղքը, ավելացնել մեր երկրի կարողությունները տարբեր ուղղություններով, եւ ամբողջությամբ իրականացնել ԵՄ-ի հետ մեր համատեղ ծրագրերը: Համոզված ենք, որ մեր ընտրությունը ճիշտ է: Պարզապես անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք՝  կարողանալ Հայաստանում արդյունավետ կերպով իրականացնել բարեփոխումներ՝ տարբեր ոլորտներում»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է այդ բարեփոխումներով Հայաստանի հաասարակական կյանքում ներդրնել եվրոպական չափանիշներ: «Մեր նպատակն է՝ ազատ մուտք ունենալ եվրոպական միասնական շուկայում եւ մարդկանց համար ապահովել ազատ տեղաշարժ ողջ Եվրոպայում: Այս գործընթացը մեզանից պահանջում է 3-4 տարվա աշխատանք եւ համապատասխանեցում ԵՄ-ի չափանիշներին: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք կնպաստեն նաեւ Հայաստանում կյանքի որակի բարձրացմանը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների իրականացումը պետք է լինի արագ՝ համահունչ ժամանակակից աշխարհի զարգացումներին: «Այսօր զարգացած են համարվում նոր գիտելիք արտադրող պետությունները, մրցակցությունը ներկայումս նոր գիտելիքի ստեղծման դաշտում է: Ժամանակակից աշխարհի հենքային գործոնը մտագործունեությունն է եւ մենք պետք է գործենք այս ուղղությամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ ինտելեկտուալ մարդուն ինքնադրսեւորվելու հնարավորություն տվող ենթակառուցվածքների ստեղծման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Համաժողովը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ: