Երեւանի Խանջյան փողոցում, նոյեմբերի 9-ին, տեղի ունեցած ավազակային հարձակման ժամանակ վիրավորված երկու անձանց կյանքին այլեւս ոչինչ չի սպառնում, նրանք այժմ ամբուլատոր բուժում են ստանում: Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Ռադիկ Զիրոյանն ու Լեւոն Ավետիսյանը նոյեմբերի 10-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են իրենց բաժանմունք: Հերթապահ բժիշկ Արսեն Ավագյանը նշեց, որ նրանց վիճակը բավարար է: Վիրավորներն առաջին օրն առաջնային վիրաբուժական մշակում են ստացել, իսկ այսօրվանից գտնվում են ամբուլատոր բուժման մեջ, սպասում են, որ վերքերը լավանան: Այսինքն նրանք գիշերն անցկացնում են իրենց տանը, իսկ հաջորդ օրը առավոտյան կրկին գալիս հիվանդանոց` բուժում ստանալու:
«Հսկողության տակ են, բայց քանի որ բավարար վիճակում էին, թույլ է տրվել, որ գնան տուն»,- նշեց բժիշկը:
Նշենք, որ հարձակման արդյունքում վիրավորներից 40-ամյա Ռադիկ Զիրոյանի մոտ ախտորոշվել էր աջ սրունքի վերին երրորդականի եւ ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վնասվածք, իսկ 52-ամյա Լեւոն Ավետիսյանի մոտ ձախ ազդրի ստորին երրորդականի եւ սրունքի վերին երրորդականի հրազենային վնասվածք։
Հայաստանի ոստիկանությունն էլ դեռ շարունակում է որոնել Խանջյան 37 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ավազակային հարձակումն իրականացնողներին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նոյեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, երկու անհայտ անձինք ներխուժել էին Խանջյան-37 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետ եւ հափշտակել մոտ 10 հազար դոլար: Փախուստի դիմելիս նրանք նաեւ կրակոցներ էին արձակել` վիրավորելով Զիրոյանին եւ Ավետիսյանին:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խումբը վայրի զննությամբ հայտնաբերել է կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 եւ անհայտ տրամաչափի 1 կրակված պարկուճ:
Ի դեպ, մեր թղթակիցն ականատես է եղել, որ նոյեմբերի 11-ին արդեն տարադրամի փոխանակման կետը վերսկսել էր աշխատանքը եւ արժույթի փոխանակում էր իրականացնում:




























