Ճապոնացի գիտնականներն աշխատում են  տիեզերական էլեկտրակայանի նախագծի վրա, որը թույլ կտա տիեզերքից էներգիա հասցնել երկիր:

Ինչպես գրում է «Վեստի.ռու»-ն,  առայժմ իրականացվում են կայանի վերերկրյա փորձարկումները,  որի համար անվտանգ եւ էկոլոգիապես մաքուր  էներգիայի աղբյուր է լինելու արեգակը: Էլեկտրականությունը Երկիր փոխանցվելու է բացառիկ  անլար տեխնոլոգիայով: Եթե Կիոտոյի համալսարանի գիտնականների հաշվարկները ճշգրիտ են, ապա մի քանի տարի անց ուղեծրում կհայտնվի առաջին էներգաբլոկը, որը հավաքելու է արեգակի էներգիան եւ փոխանցելու է երկիր` որպես արբանյակային ազդանշան:

Ներկայումս  գիտնականները պատրաստվում են  փորձարկումներ իրականացնել նոր` տիեզերական մակարդակում:  Փորձարարական արբանյակի բացթողումը կարող է իրականացվել 5 տարվա ընթացքում:  Նախագծի վերջնական նպատակը Լուսնի վրա հզոր  էներգետիկ համալիրի ստեղծումն է, որտեղից Երկիր կարող է էներգիայի անսպառ հոսք փոխանցվել: