Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Այս առիթով NEWS.am-ը զրուցել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգի հետ։ Դեսպանն ամփոփել է երկու երկրների հարաբերություններում երեք տասնամյակների ձեռքբերումները, ինչպես նաև ապագայում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

 Հարգելի՛ պարոն դեսպան, նախ թույլ տվեք ի սրտե շնորհավորել բոլորիս Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի կապակցությամբ։ 32 տարին բավական երկար ժամանակ է։ Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի եւ Չինաստանի հարաբերություններն այս տարիների ընթացքում։

Շնորհակալ եմ ինձ հետ հարցազրույցի համար։ Այո, ապրիլի 6-ին Չինաստանը և Հայաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը, սակայն 32 տարին ընդամենը կարճ և գեղեցիկ պահ է երկու ժողովուրդների բարեկամական կապերի երկար պատմության մեջ։

Ըստ արձանագրությունների, երկու ժողովուրդների միջեւ փոխազդեցությունները սկսել են դեռ մեր թվարկությունից 1000 տարի առաջ։ Չինական մշակութային խորհրդանիշները սովորաբար հանդիպում են հին հայկական լեգենդներում և գրական ստեղծագործություններում, իսկ հայերեն Աստվածաշունչը պարունակում է կիլինի և փյունիկի պատկերներ: Հնագույն Մետաքսի ճանապարհը պատմական կապ է ծառայում Չինաստանի և Հայաստանի միջև։ Հնագետները հայտնաբերել են չինական ճենապակի հնագույն հայկական քաղաքներում, ինչպիսիք են Գառնին, Դվինն ու Անին:

Ուզում եմ նշել, որ ավելի քան 1000 տարի առաջ չինացիները պարզել են, որ Հայաստանում հատուկ որդ կա, որից կարելի է շատ ավելի վառ կարմիր գույն ստանալ, քան այն բույսերից, որոնք սովորաբար օգտագործվում էին: Իսկ հետո Չինաստանը Հայաստանից բերեց այդ որդերը, որոնք ավելի փայլուն ու գունեղ էին դարձնում աշխարհահռչակ նրբագեղ մետաքսը: Սա նաև դարձել է երկու հին քաղաքակրթությունների փոխադարձ ուսուցման գեղեցիկ և լավ օրինակ:

Անցած 32 տարիների ընթացքում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր, անկախ նրանից, թե ինչպես է փոխվել միջազգային իրավիճակը, Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն պահպանել են զարգացման առողջ դինամիկան, և բարեկամական համագործակցությունը եղել է հիմնական թեման։

Երկկողմ փոխանակումները ամուր հիմքեր են ունեցել։ Վերջին տարիներին երկու երկրների ղեկավարները բարձր մակարդակի սերտ շփումներ են ունեցել այցելությունների, հեռախոսազանգերի և նամակների միջոցով և հասել են կարևոր փոխըմբռնման Չինաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման հարցում։  Երկու երկրների կառավարությունների, կուսակցությունների, օրենսդիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, համալսարանական վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների միջև փոխանակումն ու փոխգործակցությունը գնալով ակտիվանում է: Անցյալ տարի Չինաստան էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը և այլ ներկայացուցիչներ։ Չինաստանի քաղաքացիական գործերի նախարարության, Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի և այլ պատվիրակություններն արդյունավետ այցեր են կատարել Հայաստան: Հաջողությամբ են անցկացվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև Առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ այդպիսով նոր թափ հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպեց Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ, մտքեր փոխանակվեցին գործնական համագործակցության և տարածաշրջանային կապերի շուրջ։

Գործնական համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել։ Հայաստանն առաջին երկրներից է, որն արձագանքեց չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որի շրջանակում Չինաստանի և Հայաստանի միջև գործնական համագործակցությունը արագ զարգանում է։

Երկար ժամանակ Չինաստանը եղել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը և՛ արտահանման, և՛ ներմուծման ոլորտներում։ 2023 թվականին Չինաստանը Հայաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն էր։ Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրն աճել է 21,3%-ով և կազմել 2,1 մլրդ դոլար, ինչը Հայաստանի արտաքին առևտրի 10,3%-ն է։ Երկու կողմերի միջև հիմնական համատեղ նախագծերն անշեղորեն առաջ են գնում: Հայ-չինական բարեկամության դպրոցը դարձել է երկու երկրների փոխըմբռնման խորհրդանիշ. սա ուշագրավ հանգրվան է երկու ժողովուրդների միջև փոխանակման ծրագրերի շարքում՝ բազմաթիվ աշակերտներ փորձում են ընդունվել այս դպրոց։

Մենք շատ սերտ աշխատում ենք հայ գործընկերների հետ Հանրային հեռուստաընկերության հեռուստաստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում,  որն ավարտվելուց հետո կդառնա երկու երկրների բարեկամական համագործակցության նոր ձեռքբերում։ Մենք նաև աշխատում ենք Հայաստանում որոշ միջազգային կառույցների հետ՝ օգնելու գյուղական համայնքներում ապրող մարդկանց, ինչպես դա արեցինք Շիրակի մարզի Լուսակերտ փոքրիկ գյուղում, որտեղ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ իրականացվեց  գյուղատնտեսական-վոլտային նախագիծ՝ շոշափելի օգուտներ բերելով տեղի բնակիչներին՝ միաժամանակ նպաստելով տնտեսական զարգացմանը և կենսապահովման բարելավմանը:

Էապես ակտիվացել են փոխանակման ծրագրերը։  Ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են մարդկանց փոխհարաբերությունների վրա։ Հայաստանում նկատվում է չինարեն սովորելու և չինական մշակույթը հասկանալու աճող ոգևորություն. այս երևույթը մենք անվանում ենք «չինական տենդ»։ Ավելի ու ավելի շատ հայեր, հատկապես երիտասարդ սերունդը, հակված են չինարեն սովորելուն։

Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանում մեր ստեղծած Կոնֆուցիոսի ինստիտուտը գործում է ավելի քան 15 տարի, և բավական հաջող։ Հիմնադրվել են Կոնֆուցիուսի երեք դասասենյակներ և ավելի քան մեկ տասնյակ չինական ուսուցման կենտրոններ, որտեղ գրանցված են մոտ 5000 ուսանողներ: Սա բավական մեծ թիվ է՝ համեմատած Հայաստանի փոքր բնակչության հետ։ Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցը, Հայ-չինական բարեկամության դպրոցը, Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, Երեւանի պետական համալսարանը մշտապես փորձում են կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված չինական փառատոներին եւ մշակույթին։ Սա օգնում է խթանել չինական մշակույթի հանդեպ հայ աշակերտների, ուսանողների և նրանց ընտանիքների խանդավառությունը։

Չինաստանում շուտով կհյուրընկալվի Խաչատուրյանի անվան առաջին միջազգային երիտասարդական երաժշտական ​​մրցույթը. այն կբարձրացնի չինացի դեռահասների հետաքրքրությունը Հայաստանի հնագույն քաղաքակրթության նկատմամբ՝ միաժամանակ հնարավորություններ ստեղծելով ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը:

«Ավելի լավ է մարդուն ձուկ որսալ սովորեցնել, քան նրան ձուկ տալ»: Չինաստանը հանձնառու է կիսելու իր զարգացման փորձը և արդյունաբերական տեխնոլոգիաները զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ օգնելով նրանց մեծացնել անկախ զարգացման իրենց կարողությունները: Մենք փորձում ենք անել հնարավորը՝ մեր հայ գործընկերների և ընկերների հետ կիսվելու անցյալ տասնամյակների ընթացքում կուտակած փորձով և գաղափարներով։ Մենք փորձում ենք օգնել մեր գործընկերներին, անկախ նրանից՝ նրանք պետական համակարգից են, թե մասնավոր հատվածից: Մենք փորձում ենք բազմաթիվ հնարավորություններ ընձեռել պաշտոնյաներին, գործարարներին և գիտնականներին՝ մասնակցելու Չինաստանում անցկացվող վերապատրաստման դասընթացներին։ Հատկանշական է, որ վերապատրաստման և փոխանակման ծրագրերի շրջանակում անցյալ տարի Չինաստան են այցելել 144 հայ պաշտոնյաներ, ձեռնարկատերեր, գիտնականներ և այլ ներկայացուցիչներ՝ Չինաստանից արժեքավոր փորձ ձեռք բերելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մարդկանց կենսապահովումը, գիտությունը և տեխնոլոգիան, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն։ Այս տարի մենք կշարունակենք հարստացնել վերապատրաստման դասընթացների ձևաչափն ու բովանդակությունը՝ երկու կողմերի միջև փոխադարձ ուսուցման և փոխըմբռնման հետագա խորացման նպատակով:

Ցանկանում եմ նշել, որ 32 տարվա քրտնաջան աշխատանքից և առաջընթացից հետո, կանգնելով պատմական նոր մեկնարկային կետի վրա, Չինաստանը պատրաստ է համատեղ աշխատել Հայաստանի հետ՝ հանուն անկեղծ և արդար բարեկամության, փոխշահավետ գործընկերության, միաժամանակ սերնդեսերունդ փոխանցելով բարեկամական հարաբերությունները, զարգացնելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, և համատեղ գրել երկու երկրների բարեկամության նոր գլուխ նոր դարաշրջանում:

Ներկայումս չինական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծանում է։ Ինչպե՞ս կգնահատեք հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։

Կարծում եմ, որ երկու երկրների միջև գործնական համագործակցության կարողությունները հիմնականում հետևյալ երեք ոլորտներում եմ.

Առաջին հերթին մենք պետք է համատեղ խթանենք ենթակառուցվածքների կառուցումը։ Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տվել ենթակառուցվածքների կառուցմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ջրամբարները, տրանսպորտը, էներգետիկան և կապը, ինչը համահունչ է Չինաստանի գլոբալ զարգացման նախաձեռնություններին և «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը:

Չինական ոճի արդիականացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ենթակառուցվածքների զարգացումը նշանակալի դեր է խաղում տնտեսական զարգացման խթանման, աշխատատեղերի քանակի ավելացման և մարդկանց կենսապահովման մակարդակի բարձրացման գործում: Չինաստանը հանձնառու է հետևողականորեն աջակցելու զարգացող երկրներին ենթակառուցվածքների զարգացման գործում և տրամադրելու ամբողջական օգնություն՝ ներառյալ նախագծումը, ֆինանսավորումը, շինարարությունը, շահագործումը և այլն:

Մենք ցանկանում ենք կիսվել մեր փորձով և միշտ պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին՝ զարգացնելու իրենց ենթակառուցվածքները: Եթե մեր հայ գործընկերները զգան դրա կարիքը, մենք պատրաստ ենք տրամադրել նման աջակցություն և ծառայություններ: Ներկայումս չինական ընկերությունները իրականացնում են «Հյուսիս-հարավ» մայրուղու իրենց ճանապարհահատվածների կառուցումը, ենթադրում ենք, որ ծրագիրն ավարտին կհասցվի այս տարվա ընթացքում։ Կան նոր ընկերություններ, որոնք մասնակցում են Կապսի ջրամբարի վերակառուցման, ենթակայանների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման ծրագրերին, ինչը արդյունավետորեն բարելավում է Հայաստանի ենթակառուցվածքները։ Չինական ընկերությունները պատրաստ են մասնակցել արդյունաբերական պարկերի կառուցմանը, ճանապարհաշինության, ջրամբարների կառուցման նախագծերին։ Մենք հպարտանում ենք սրանով և պատրաստ ենք օգնել չինական ընկերություններին, որպեսզի նրանք ավելի շատ տեղեկացված լինեն, գան այստեղ և մասնակցեն այդ ծրագրերին: Մենք կարող ենք փորձել միասին աշխատել մի նոր ոլորտում, որը մենք անվանում ենք «Նոր որակի արտադրողական ուժեր»:

Որոշ հայ ընկերներ ինձ ասացին, որ Հայաստանը ռեսուրսների պակաս ունի: Կարծում եմ, որ եթե Հայաստանն ուզում է զարգանալ, պետք է ապավինի մարդկային ռեսուրսներին եւ տեխնոլոգիական ինովացիաներին։ Նոր որակի արտադրողական ուժերը ներկայացնում են նոր տեխնոլոգիաներ, ստեղծում են նոր արժեքներ, հարմարվում են արտադրական նոր ուղղություններին և ձևավորում զարգացման նոր հնարավորություն: Նոր որակի արտադրողական ուժերի զարգացումը դրական նշանակություն ունի բարձրորակ տնտեսական զարգացման խթանման և ազգային մրցունակության բարձրացման համար։ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս էներգետիկ նոր ճյուղերի զարգացմանը և թվային կառավարման բարելավմանը։

Մենք հուսով ենք, որ ապագայում ավելի շատ չինական բարձր տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են, օրինակ, նոր էներգետիկ ընկերությունները, տեխնոլոգիական և խելացի գյուղատնտեսական ընկերությունները, կհամագործակցեն հայ գործընկերների հետ՝ օգտագործելով տեղական համալսարանների գիտական ​​հետազոտությունների և տաղանդների առավելությունները՝ բարելավելու արդյունաբերական շղթան, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծի։

Երրորդ՝ մենք պետք է միասին աշխատենք՝ խթանելու առևտրի կառուցվածքի դիվերսիֆիկացումը։ Վերջին տարիներին հայկական կոնյակի, գյուղմթերքի արտահանումը Չինաստան շոշափելիորեն մեծացել է։ Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին փոխնախարար Արման Խոջոյանի գլխավորությամբ 23 հայկական ձեռնարկություններ մասնակցեցին Չինաստանի 6-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ հայկական բարձրորակ արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով:

Նա ընդգծեց, որ այս ցուցահանդեսը  ցույց է տալիս, թե որքան բաց է Չինաստանն աշխարհի առաջ և նշեց, որ Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի աճի հսկայական ներուժ կա։ Հետևաբար, Հայաստանին խրախուսում ենք ակտիվորեն մասնակցել Չինաստանի կողմից կազմակերպվող միջազգային տնտեսական և առևտրային ցուցահանդեսներին, ինչը կօգնի բացահայտել համագործակցության ավելի մեծ ներուժ և նոր ոլորտներ:

Հայաստանն այժմ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում է. Ազգային Ժողովրդական Կոնգրեսում եւ Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է նպաստել հակամարտող երկրների միջեւ խաղաղ երկխոսությանը ողջ աշխարհում: Ինչպիսի՞ն է Չինաստանի տեսակետը Անդրկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Խաղաղ երկխոսության մեթոդը կիրառելի՞ է այստեղ։

Հնագույն ժամանակներից Կովկասի տարածաշրջանը համարվում է Եվրասիա տանող կարևոր միջանցք, որը կամուրջ է ծառայել Արևելյան և Արևմտյան քաղաքակրթությունների միջև: Անդրկովկասյան երեք երկրներն էլ Չինաստանի լավ բարեկամներն ու գործընկերներն են, մենք երբեք աշխարհաքաղաքական նպատակներ չենք հետապնդել և քաղաքական պայմաններ չենք դրել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության հարցում։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կլինի:

Չինաստանը կարող է լավ լինել միայն այն դեպքում, երբ աշխարհն է լավ։ Եթե Չինաստանում ամեն ինչ ավելի լավ լինի, աշխարհն էլ ավելի լավը կդառնա: Մենք նույն դիրքորոշումն ունենք նաեւ այս տարածաշրջանի հարցում։ Չինաստանը կողմնակից է հավասար, կանոնավոր բազմաբևեռ աշխարհին և համընդհանուր, փոխշահավետ և ներառական տնտեսական գլոբալիզացիային, մենք երբեք չենք փորձում օգուտներ քաղել պատերազմներից և հակամարտություններից, մենք դա երբեք չենք արել: Անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգությունն ու զարգացումը համահունչ են ողջ աշխարհի ժողովուրդների ընդհանուր շահերին ու ձգտումներին։ Չինաստանն աջակցում է համապատասխան երկրներին՝ փոխադարձ վստահության ամրապնդման, քաղաքական երկխոսության ամրապնդման և վեճերը խաղաղ ճանապարհով պատշաճ լուծելու գործում։ Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ կառուցողական դեր խաղալու տարածաշրջանում խաղաղության գործընթացի խթանման գործում:

Երբ Դուք նշանակվեցիք դեսպան, ես հարցազրույց արեցի ձեզ հետ եւ հարցրի, թե երբ կբացվի Երեւան-Պեկին ուղիղ չվերթը։ Ի՞նչ տեղաշարժ կա այս հարցում։

2020 թվականի հունվարին պաշտոնապես ուժի մեջ մտավ Չինաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը։ 2023 թվականին՝ COVID-19 համաճարակից հետո, փոխադարձ այցերի թիվը կառավարական պատվիրակությունների, ակադեմիական հաստատությունների, բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների միջև շատ արագ աճեց։ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը մոտեցել է մոտ 20,000-ի։ Երկու երկրների հարաբերությունները հիմնված են մարդկանց միջև կապերի վրա։ Ինչպես ասում են՝ որքան շատ են այցելում հարազատները, այնքան ավելի են նրանք մտերմանում: Մենք խրախուսում ենք երկու երկրների բնակիչներին ավելի շատ ճանապարհորդել և շփվել, և պատրաստ ենք ավելի հարմար պայմաններ ստեղծել մեր ժողովուրդների փոխադարձ այցերի համար: Հայաստանում Չինաստանի դեսպանությունն ակտիվորեն նպաստում է քաղավիացիայի պատասխանատուների և երկու երկրների ավիաընկերությունների միջև ուղիղ չվերթների բացման վերաբերյալ հետագա քննարկումներին։ Հուսով ենք և հավատում ենք, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ մոտ ապագայում լավ նորություններ կստանանք։