ԱՄՆ-ն Իրանից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  (ԱԷՄԳ)  զեկույցի պատասխանն է ակնկալում: Այս մասին Հոնոլուլուի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում  տեղի ունեցած մամլո ասուլիսում  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մենք սպասում ենք, որ մոտ օրերս Իրանը կպատասխանի այդ զեկույցում բարձրացված լուրջ հարցերին», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱԷՄԳ-ը զեկույց էր ներկայացրել, որում նշված էր, որ Իրանը ատոմային զենք ստեղծելու փորձարկումներ է իրականացնում:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին: Ռուսաստանն առաջարկել էր պայմաններ ստեղծել «վեցյակի» (Ռուսաստան,  ՉԺՀ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա)  եւ Իրանի միջեւ բանակցությունների վերսկսման համար:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ասել էր, որ զեկույցի եզրահանգումներն անհիմն են:

Նախորդ շաբաթ իսրայելական եւ արեւմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իբրեւ թե փորձել է ստանալ նախարարների մեծամասնության համաձայնությունը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: Նոյեմբերի 4-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ հրեական պետությունը առավել հակված է իրանական խնդրի ռազմական եղանակով լուծմանը, քան դրա դիվանագիտական տարբերակին: