Ամերիկացիների մեծ մասը Իրանի կամ Չինաստանի հետ պատերազմ չեն ցանկանում, թեեւ Չինաստանից ԱՄՆ-ի նկատմամբ սպառնալիք տեսնում են: Նրանք դեմ են նաեւ ԱՄՆ-ի կողմից ողջ աշխարհում ժողովրդավարության «ներդրմանը»: Այդպիսին են CBS  հեռուստաընկերության հարցման արդյունքները:

Համաձայն հետազոտությունների արդյունքների`  ամերիկացիների  մեծ մասը (55 տոկոս) վստահ է, որ  Իրանի կողմից սպառնալիքը հնարավոր է զսպել դիվանագիտական մեթոդներով: Հարցվածների 15 տոկոսը  կողմ են Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսմանը,  17 տոկոս-ն ընդհանրապես Իրանից սպառնալիք չի տեսնում:

ԱՄՆ քաղաքացիները լրջորեն մտահոգված են  Չինաստանի տնտեսական էքսպանսիայով եւ ռազմական հզորության աճով: Ամերիկացիների  61 տոկոսը դրանում բացասական հետեւանք է նկատում, իսկ 67 տոկոսը վստահ է, որ Պեկինն Ամերիկայի համար ռազմական սպառնալիք է ներկայացնում:

10 ամերիկացիներից 7-ը  դեմ են  բռնապետական ռեժիմները ժողովրդավարականի  վերածելու ԱՄՆ-ի փորձերին, ամերիկացիների կեսն էլ կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է մասնակցեր Լիբիայում ռազմական գործողություններին:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ ամերիկացիների  42 տոկոսը պաշտպանում է  Պաղեստինյան ինքնավարության անկախությունը, դեմ է 34 տոկոսը: Միաժամանակ ամերիկացիների միայն 25 տոկոսն է դրական տրամադրված իսլամի նկատմամբ,  32 տոկոսն այդ կրոնի նկատմամբ դրական վերաբերմունք չի դրսեւորում:

Հարցումն անցկացվել է ողջ երկրում` նոյեմբերի 6-10-ը, 1182 չափահաս բնակչության շրջանում: