Էս ամեն ինչից հետո հավատա՞լ մի տիեզերական ստախոսի, որը մի չհատած կարմիր գիծ չի թողել: Էդ հավատացողներին էլ չենք ներելու, ներելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ տեղ: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ստեղծվել է «Տավուշը հանուն հայրենիքի» հասարակական նախաձեռնությունը և առաջին նիստի ժամանակ ընտրվել է խորհուրդ, որը պետք է վեր հանի Տավուշի խնդիրները և աշխատանքներ տանի այդ ուղղությամբ:
«Մենք ստեղծել ենք այդ նախաձեռնությունը, որովհետև ունենք պատիվ և տեր ենք մեր հայրենիքին: Մեզ ուրիշ ոչինչ պետք չէ, մենք մանդատներ չենք ուզում: Մեր նպատակը մեր հայրենիքին, եկեղեցուն, շիրիմներին տեր կանգնելն է: Էս ապիկարներն անգամ եկեղեցու հետ կապված մեր պահանջներն ու դիրքորոշումն են փորձում խեղաթյուրել՝ ասելով, թե Ոսկեպարի եկեղեցին չի ընկնում էդ տարածքի մեջ, դրանից երկու մետր այն կողմ է ընկնում: Այսինքն Ալիևի հետ պայմանավորվել են՝ կլինի՞ էս անգամ երկու մետր այն կողմ սահմանը գծեք, ժողովրդին դեռ խաբելու բան ունենք, հետո գիծը ինչքան կուզես, առաջ կտաս՝ մինչև Վերին Ոսկեպար»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նա գյուղացիներին հիշեցրեց, որ իշխանությունը ժամանակ առ ժամանակ վախեցնում էր գյուղացիներին, ասելով, որ զիջումների չգնալու դեպքում պատերազմ է սկսվելու:
«Այ անողնաշարներ, ձեր գործառույթը ո՞րն ա, էս ժողովուրդը ինչի՞ ա ձեզ ընտրել, որ գա՞ք, ասե՞ք Ալիևն ու Էդողանը մեզ ասել են, եթե չանեք, ձեզ կմորթենք, ես էլ Երևանում ձեզ կդիմավորե՞մ: Այ հայրենակիցներ ջան, էդ որ գալիս ենք ձեր գյուղերը, ծառերի տակից նայում եք, ասում եք՝ չենք կարա գանք, խնդիր կունենանք, սրանից ավել ի՞նչ խնդիր կունենաք: Ձեր գերեզմանին, ձեր տան շեմին տեր կանգնելուց բացի ի՞նչ խնդիր ունեք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր:











