Այո, հնարավոր է չգնալ զիջման եւ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանի իշխանության ղեկին լինեին մարդիկ, որոնք առաջնորդվում են մեր ժողովրդի, ոչթ ե Ադրբեջանի շահերով: Այս մասին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Սրանք ասում են՝ բանակ չունենք, զենք չունենք, դաշնակից չունենք, հետեւաբար, պետք է բավարարենք թշնամու պահանջները, մինչեւ հասնենք խաղաղության: Ասում են՝ դաշնակից չունենք: Ամեն ինչ արել են մեր դաշնակիցներին մեզնից հեռացնելու համար: Սկսել են մեր դաշնակիցների հետ թշնամանալ: Այսօր ՀՀ-ում այն ծավալի հակառուսական քարոզչություն է գնում, որ աննկարագրելի է: Ասում են՝ մեր ինքնիշխանությունը պետք է պաշտպանենք Ռուսաստանից:
Ռուսաստանը ՀՀ տարածքում ունի ռազմաբազա, հայ-թուրքական սահմանը ռուսներն են հսկում, նուիյնիսկ Նոյեմբերյանում հենակետ կա: Այս իրավիճակում թշնամանալ Ռուսաստանի հետ, դա մեզ ի՞նչ է տալու:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Արեւմուտքի պատվերով ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ թշնամանալու եւ ի դեմս Հայաստանի հակառուսական մի նոր ճակատ ձեւավորելու համար:
Արեւմուտքն ասում է՝ ամեն ինչ պետք է անենք Հայաստանի դիմադրողականությունը մեծացնելու համար, բայց ո՞ւմ դեմ, Հայաստանի թշնամիների՞, որոնք ագրեսիա են իրականացնում Հայաստանի նկատմամբ, թե՞ Ռուսաստանի»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով, տարածաշրջանում երկու պետություն կա, որոնց հետ հնարավոր է դաշնակցային հարաբերություն կառուցել՝ Իրանը եւ Ռուսաստանը: «Էս իշխանությունը ամեն ինչ անում է այդ երկուսի հետ թշնամանալու համար, որովհետեւ այս երկրները չեն հանդուրժելու այլ ուժեր այս տարածաշրջան բերելու Նիկոլի քաղաքականությունը, եւ Հայաստանը վերածելու են Ուկրաինայի: Մեզ մեր բնական դաշնակիցներից կտրում են, տարածաշրջան են բերում հեռադիտակներով անհասկանալի ուժերի, որոնք մեր անվտանգության հարցերը չեն լուծելու»,-ասաց նա՝ հավելելով. «Իրանի բազմաթիվ շատ ծանրակշիռ առաջարկություններ մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից»:
Իշխան Սաղաթելյանը նաեւ նկատեց, որ պատերազմից անցել է 3,5 տարի, սակայն ոչինչ չի արվել բանակը վերականգնելու համար. «Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, սրանց քաղաքականությամբ, պահելաձեւով դուք տեսնո՞ւմ եք, որ իրենք զբաղվում են երկրի պաշտպանությամբ»:











