Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անհանգստացած է «Occupy Wall Street» բողոքի շարժումը լուսաբանելու համար ոստիկանության կողմից հետապնդվող լրագրողների թվի աճով:
Նվազագույնը 8 լրագրող եւ լուսանկարիչ են ձերբակալվել ցույցի լուսաբանման ժամանակ, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Ոչ մի կասկած չկա, որ լրագրողներն ու լուսանկարիչները իրավունք ունեն դիտելու, ձայնագրելու եւ տեղեկացնելու այն ամենի մասին, ինչը կատարվում է բոլորի աչքի առջեւ», - հայտնել է Միյատովիչը` հավելելով, որ լրագրողներին հետապնդելը վտանգում է զանգվածային լրատվամիջոցների ազատությունը:
Նախորդ շաբաթ ձերբակալվել են Ջորջիա նահանգի համալսարանական թերթերի եւս երկու լրագրողներ: Նրանք մեղադրվում են Ատլանտայի ցույցերը լուսաբանելիս «երթեւեկությունը կաթվածահար անելու» մեջ:
«Մեկ լրագրողի իրավունքի ոտնահարումը ազդում է բոլոր քաղաքացիների վրա: Եկել է ժամանակը, որ տեղի պաշտոնյաները իշխանություններից պահանջեն, որպեսզի իրավապահ մարմինները հարգեն լրատվամիջոցների իրավունքները եւ պարտականությունները»,- նշվում է հայտարարության մեջ:




























