Հաշված ժամեր են մնացել Իտալիայի վարչապետ  Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականին, եւ նրա պաշտոնի  համար երեք հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում` տնտեսագետ, ԵՄ հակամենաշնորհային կոմիտեի նախկին ղեկավար Մարիո Մոնտի, իշխող  «Ազատության ժողովուրդ»  կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆանո եւ հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Լամբերտո Դինի, որը  կառավարությունը ղեկավարել է 1995-1996թթ.:

Առավել հավանական թեկնածու է համարվում Մարիո Մոնտին, ում նախագահ Ջորջո Նապոլիտանոն նոյեմբերի 9-ին  ցմահ սենատոր է նշանակել: Նրան սատարում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` «Արժեքների Իտալիա» կուսակցությունը, հայտնում է Ansa գործակալությունը: 

Մոնտիին դեմ են Բեռլուսկոնիի շատ կուսակիցներ, ինչպես նաեւ «Հյուսիսի լիգա» կուսակցությունը, որն առավել հակված է աջակցել 80-ամյա Լամբերտո Դինիին, որը անցյալում Իտալիայի կառավարությունում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել:

Իշխող կոալիցիայի թեկնածուն Անջելինո Ալֆանոն է, ում Բեռլուսկոնին քանիցս անվանել է իր փոխարինող:

Հիշեցնենք, Պատգամավորների պալատը այսօր երկրի տնտեսական իրավիճակը կայունացնող օրենք է ընդունելու, որը, մասնավորապես, ներառում է ԵՄ ղեկավարության հետ համաձայնեցված հակաճգնաժամային միջոցառումներ:  Օրենքն արդեն ստացել է Սենատի հավանությունը, եւ Ստորին պալատում դրա ընդունվելուց հետո Բեռլուսկոնին պետք է պաշտոնապես հայտարարի իր հրաժարականի մասին: