Նորվեգիայի Գերագույն դատարանը որոշել է ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի գործի դատական լսումները բաց ռեժիմով անցկացնել: Մոտակա նիստը, որի ընթացքում կորոշվի Բրեյվիկի կալանքի ժամկետի երկարացման հարցը, կկայանա նոյեմբերի 14-ին, հայտնում է РБК-ն: Նախկինում սույն գործի լսումները փակ դռների ետեւում էին անցկացվում:
Գերագույն դատարանը նաեւ վճռել է, որ Բրեյվիկն անձամբ պետք է ներկա գտնվի դատարանում եւ ցուցմունք տա, թեեւ առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ մեղադրյալը պետք է ցուցմունք տա տեսակապով` իր բանտախցից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Նորվեգիայում հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացվել: Սկզբում Օսլոյի կառավարական շենքի մոտ` վարչապետի գրասենյակի դիմաց, պայթյուն էր որոտացել, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը Ութոյա կղզում` Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու, կրակոցներ էր արձակել իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի դեռահասների վրա: Ողբերգության զոհ էր դարձել 77 մարդ:
Ահաբեկիչը 32-ամյա Անդրես Բերինգ Բրեյվիկն էր: Դատարանում նա հայտարարել էր, որ փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ Բրեյվիկը գրել եւ համացանցում հրապարակել էր «2083. Եվրոպայի անկախության հռչակագիրը» մանիֆեստը: Դրանում ահաբեկիչը քննադատում է բազմամշակութայնությունը եւ ոչ եվրոպացիներին Եվրոպայից վտարելու մանրամասն ծրագիր ներկայացնում:




























