Լեհաստանի ոստիկանությունը նոյեմբերի 11-ին անկախության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ ծագած անկարգությունների մասնակից 210 մարդու է ձերբակալել:

Ձերբակալվածներից 92-ը Գերմանիայի քաղաքացիներ են, կան նաեւ Իսպանիայի, Հունգարիայի եւ Դանիայի քաղաքացիներ: Անկարգությունների ժամանակ 4 ոստիկան է տուժել,  ջարդվել է ոստիկանական 14 մեքենա, հայտնում է «Газета.Ру»-ն:

Ազգայնականները ավանդական «Անկախության քայլերթին» մասնակցելու  համար իրենց դրոշի ներքո էին հավաքել տարբեր տեսակի ծայրահեղականների` աջ ռադիկալների, ֆուտբոլային խուլիգանների եւ անարխիստների, ընդհանուր թվով` 10 հազար մարդ, տեղեկացնում է  НТВ-ն:

Ըստ ականատեսների` «Անկախության քայլերթի» մասնակիցները հարձակվել են ձախ խմբավորումների ակտիվիստների վրա, քարեր եւ շշեր են շպրտել, նրանցից ոմանք հարձակվել են դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա: Ցուցարարների զայրույթից չէին խուսափել նաեւ խանութների ցուցափեղկերը եւ կայանած ավտոմեքենաները: Կարգ պահպանողները ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել: 

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել անվտանգության ուժերի ներկայացուցիչների, ներքին գործերի եւ արդարադատության նախարարների հետ, որի ընթացքում քննարկվել է վերջին տարիների համար խոշորագույնը դարձած այս փողոցային զանգվածային անկարգությունը: