ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  առաջիկա այցը  Հարավային Կովկաս հերթական աշխատանքային այցն է:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետհամալսարանի` հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության կենտրոնի  քաղաքական կանխատեսման բաժնի ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Նրա կարծիքով`  տվյալ պահին համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով նոր բան չեն կարող առաջարկել: «Այդ այցից ես նորություններ չեմ սպասում: Չեմ կարծում, որ համանախագահները բերում են նոր, նախկինում չներկայացված առաջարկութուններ, որոնք կհետաքրքրեն կողմերին եւ կարգավորման գործընթացին նոր թափ կհաղորդեն»,- նշեց փորձագետը:

Կարավաեւի խոսքով` սա դիվանագիտական աշխատանքի համար անհրաժեշտ հերթական այց է: «ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է որոշակի ժամանակացույցով, ունի իր գործունեության կանոնակարգը:  Դրա փոփոխությունները կարող են պայմանավորված լինել ընդհանուր աշխարհաքաղաքական  քարտեզի, մի շարք երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների փոփոխություններով, նոր սպառնալիքների ի հայտ գալով  եւ այլն: Նոր թեմաների ի հայտ գալու դեպքում Մինսկի խումբը կարող է դրանք օգտագործել, սակայն առանց դրա, նրանցից  նորարություններ ակնկալել պետք չէ»,-նկատեց Կարավաեւը: