Այսօր ընդդիմության պահանջով գումարվեց ԱԺ մեկ նիստ, ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցով. ցավոք սրտի, հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ և 8 ընդդիմադիր պատգամավորներ ուղղակի զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից, նիստը որոշվեց անցկացվել փակ, թեպետ այդ փակի շրջանակներում որևէ գաղտնիք չի հրապարակվել։
Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Սակայն արտառոցն այլ բան է․ մեր առաջարկությունը փորձ է արվում հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել և կեղծ թեզեր վերագրել մեր առաջարկություններին։ Սկսած նրանից՝ իրականում միջազգային իրավունքի համապատասխան, որևէ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ներքո չի կարող կնքվել որևէ համաձայնություն։ Միջազգային իրավունքի հիմնարար այս դրույթը անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ ամբիոնից չի հայտնվում պատրաստակամություն բոլոր գործիքները պետք է գործադրվեն և ագրեսոր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները զավթելու համար պատժի ենթարկելու մասով․
«Մեր հայտարարությունն այն մասին է ՝ ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները չեն կարող որևէ կերպ առևտրի առարկա լինել առանց ժողովրդի հանրաքվեի։ Խոսքը նաև այն տարածքներն են, որոնց տիտողոսի իրավունքը Հայաստանինն է՝ Արծվաշեն և նաև բազմաթիվ այլ բնակավայրեր որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Այս տարածքների մասով ցանկացած փոփոխություն ենթակա է բացառապես հանրաքվեով հաստատման ,առանց դրա Հայաստանի որևէ իշխանության կողմից իրականացվողը համարվում է հանցագործություն»,- շեշտեց նա։





























