ՆԱՏՕ-ին Վրաստանի վերջնական  անդամակցության ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն  գործընթացը դրական դինամիկա ունի  եւ շարժվում է դեպի տրամաբանական ավարտ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով` վերջին շրջանում Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին ավելի է մոտենում:

«ՆԱՏՕ-ի փաստաթղթերում` սկսած Բուդապեշտի գագաթնաժողովից,  գոյություն ունեն Վրաստանի անդամակցությունը նախատեսող ձեւակերպումներ»,- ընդգծեց Աբաշիջեն` ավելացնելով, որ  դատելով այն բանակցություններից, որոնք տեղի ունեցան Վրաստանում  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցի շրջանակում, Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են:

«Իհարկե, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը բավականին երկարատեւ գործընթաց է: Սակայն հաջորդ տարի տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագթնաժողովը, որում շատ հավանակն է, որ կարվեն  կոնկերտ քայլեր այդ ուղղությամբ»,-ասաց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը  եւ նրա կողմից հնարավոր գործողություններին, Աբաշիձեն լավատեսորեն է տրամադրված: «Կրեմլը բացասաբար է վերաբերվում Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը` համարելով դա որպես Դաշինքի ընդլայնում  եւ «մերձեցում Ռուսաստանին»: Սակայն այսօր Ռուաստանը եւս  լավ հարաբերություններ ունի Դաշինքի հետ, ստեղծված է Ռուսաստան- ՆԱՏՕ խորհուրդ, տարբեր ուղղություններով համագործակցություն է իրականացվում: Այդ հակակշիռը հաշվի առնելով` հակված եմ կարծել, որ Ռուսաստանի վերբերմունքն ընդհանուր առմամբ չի փոխվի, սակայն կտրուկ շարժումներ Մոսկվան իրեն թույլ չի տա»,- ընդգծեց քաղաքագետը: