Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի տնօրեն Մասաո Յոսիդան լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ մարտին տեղի ունեցած վթարի առաջին շաբաթներին ինքն ու իր աշխատակիցները քանիցս մահվան եզրագծին են եղել:

Ըստ նրա` ամենադժվարը առաջին շաբաթն էր, քանի որ անհնար էր կանխատեսումներ անել, եւ նա նույնիսկ հաշտվել էր անխուսափելի մահվան հետ, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:

Քանդված պատեր, վնասված ռեակտորները սառեցնող անընդհատ աշխատող սարքավորումներ, վթարային ռեակտորի վրա դրված պաշտպանիչ կափարիչ. այս տեսքն ուներ  «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ը, երբ երկրաշարժից եւ վթարից հետո լրագրողներին առաջին անգամ թույլատրեցին մոտենալ դրան:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ճապոնիայի իշխանությունները լրագրողներին թույլատրել էին լինել ԱԷԿ-ում, որպեսզի ցույց տան, թե որքան առաջընթաց ունեն վթարի հետեւանքները վերացնելու գործում:

Լրագրողներին պաշտպանիչ արտահագուստ եւ դեմքն ամբողջովին ծածկող շնչադիմակներ են հագցրել: Կայանի տարածքում նրանց ավտոբուսով են տեղափոխել, ընդ որում` անհատական դոզիմետրերը ցույց են տվել, որ ավտոբուսի ներսում ճառագայթումը 0,05 միլիզիվերտ է, ինչը 250 անգամ գերազանցում է սովորական մարդու նորման: