Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ստիպված էր կասեցնել Սիրիայի անդամությունը, քանի որ այլ ելք չկար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հակամարտությունների եւ ազգայնականության հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլին:
Նրա կարծիքով` դա Սիրիայի գործողությունների պատասխանն էր, որը չի կատարում իր պարտավորությունները եւ ակնհայտորեն ժամանակ է ձգում:«ԱՊԼ-ն այն հարթակներից մեկն է, որով հնարավոր է ճնշում գործադրել Սիրիայի վրա: Թեկուզեւ դա ճնշում է, սակայն այն թույլ է տալիս խուսափել Սիրիայում բռնություններից, ինչպես նաեւ արյունալի իշխանափոխությունից: ԱՊԼ-ում չեն ցանկանում, որպեսզի Սիրիայում կրկնվի լիբիական սցենարը»,-հայտարարեց փորձագետը` ընդգծելով, որ իրականում ԱՊԼ-ի այդ քայլը կոչված է օգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կասեցրել է այդ կազմակերպությունում Սիրիայի անդամությունը: Նման որոշում է այսօր կայացվել Կահիրեում` ԱՊԼ արտգործնախարարների նիստում: Դա պայմանավորված է նրանով, որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում է բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Հիշեցնենք, որ Սիրիան ընդունել էր ԱՊԼ «ճանապարհային քարտեզը», սակայն երկրում չդադարող բռնությունն ԱՊԼ-ին ստիպել էր կոշտ միջոցներ ձեռնարկել:




























