Իտալիայի արդեն նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ամենահայտնի եւ ամենասկանդալային ժամանակակից քաղաքական գործիչներից է: Հայտնի լինելով գեղեցիկ սեռի նկատմամբ իր հիպերակտիվությամբ` նա բազմիցս է ներքաշվել տարբեր աղմկոտ քրեական գործերի մեջ` մեղադրվելով կոռուպցիայի, մաֆիայի հետ ունեցած կապերի,  պաշտոնական դիրքի չարաշահման  եւ այլնի համար` այդպես էլ մնալով չմերկացված «մերկ թագավոր»: Ինչո՞ւմն է այսպիսով Cavaliere-ի գաղտնիքը:Բանկային ծառայողի որդի, կրթությամբ իրավաբան Սիլվիոն դեռ մանկությունից էր փող սիրում: Դպրոցում նա գումարի դիմաց կատարում էր համադասարանցիների տնային աշխատանքները:

25 տարեկանում գերազանցությամբ ավարտելով Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, նա անմիջապես սկսում է զբաղվել բիզնեսով: Սկզբում բացում է շինարարական ընկերություն, հետո ձեռք բերում թերթ եւ 3 հեռուստաալիք` ստեղծելով հոլդինգ, իսկ 1986 թ-ին դառնում է  «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: 12 տարի անց նա դառնում է Իտալիայում ամենախոշոր  «La Stando» հանրախանութների ցանցի սեփականատերը: Բացի այդ, նրա «կայսրության» մեջ էին մտնում ապահովագրական ընկերություներ, խանութներ, ներդրումային հիմնադրամներ եւ այլն:Բեռլուսկոնին 1994թ-ին հիմնադրում է  «Առաջ, Իտալիա»  կուսակցությունը, որը բոլորի, ու, հատկապես, իտալացիների համար անսպասելիորեն հաղթում է խորհրդարանական ընտրություններում: Բեռլուսկոնին էլ դառնում է վարչապետ:Այդ պահից ի վեր Բեռլուսկոնին բազմիցս մեղադրվել է ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիայի, սեքսուլ սկանդալների մասնակցության մեջ եւ կանգնել  դատարանի առջեւ:

Քրեական գործերի մի մասն ավարտվել են նրա նկատմամբ ազատազրկման դատավճռով, սակայն  ամեն անգամ Գերագույն դատարանը չեղյալ է համարել  ստորին ատյանի դատարանների դատավճիռները, եւ հաջողակ քաղաքական գործիչն այդպես էլ երբեք չի նստել:Վերջին 3 տարվա ընթացքում ամուսնական անհավատարմության մեջ մերկացված վարչապետը հասցրեց ամուսնալուծվել,  ինչպես նաեւ հարձակման եթարկվել հոգեպես անհավասարակշիռ իտալացու կողմից` կարցնելով մի քանի ատամ եւ ստանալով քթի կոտրվածք:Իտալական լրատվամիջոցները հաճախ էին գրում վարչապետի սեքսուալ արկածների եւ այն երեկոների մասին, որը նա կազմակերպում էր Միլանի մոտ գտնվող իր վիլլայում` թեթեւաբարո կանանց եւ անգամ անչափահասների հետ:

Սակայն վարչապետին միշտ էլ  հաջողվում էր ջրից չոր դուրս գալ:Նույնիսկ այս ամենից հետո, այսօր` նոյեմբերի 13-ին, Բեռլուսկոնին նամակ է ուղարկել  «La Destra» քաղաքական շարժման առաջնորդ Ֆրանչեսկո Ստորաչեին, որում հայտարարում է, թե հպարտ է իր կառավարության աշխատանքով եւ ապագայում մտադիր է վերադառնալ գործադիր իշխանություն:Կյանքը ցույց է տալիս, որ նա միշտ հասնում է իր նպատակին: Հնարավոր է, որ Իտալիայի նախկին վարչապետն իրեն դեռ նորից  կկարողանա դրսեւորել: