Apple ընկերությունը հետ է կանչում iPod nano առաջին սերնդի ձայնարկիչները, քանի որ դրանց մարտկոցներում թերություն է հայտնաբերվել:

Ըստ ընկերության կայքի` մարտկոցը երբեմն կարող է տաքանալ, ինչը սպառնում է օգտագործողի անվտանգությանը: Ընկերությունը ամբողջ աշխարհի  iPod nano-ի սեփականատերերին առաջարկում է հին ձայնարկիչը փոխարինել նորով:

Փոխարինման ենթակա են 2005թ. սեպտեմբերից 2006թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում վաճառված ձայնարկիչները: Ձայնարկչի սեփականատերերը կարող են դրա փոխարինման ենթակա լինելը ստուգել ընկերության կայքում,  դրա համար նախատեսված պատուհանում մուտքագրելով ձայնարկչի սերիական համարը:

Միեւնույն ժամանակ, Apple-ը հնարավոր թերությունների մեղավոր է համարում մարտկոցները մատակարարողին:

 iPod nano  ձայնարկիչների առաջին սերունդը ներկայացվել է 2005թ.: Այն փոխարինման եկավ iPod mini-ին, որը վաճառվում էր 2004-2005թթ.: 2010թ. արտադրվեցին   iPod nano-ի վեցերորդ սերնդի ձայնարկիչները` սենսորային էկրանով, գրում է Lenta.ru-ն: