Իսրայելի իշխանությունները առաջիկա օրերին կորոշեն իրենց պատասխանը հրեական պետության տարածքի վրա Իրանի հարձակմանը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Փիթեր Լերներին։

Ըստ նրա, Իսրայելի ղեկավարությունը «հետագա քայլերի մասին որոշում կընդունի» կա՛մ ապրիլի 15-ին, կա՛մ առաջիկա օրերին։ Զինվորականներն արդեն Իսրայելի կառավարությանը տրամադրել են «տարբերակների լայն շրջանակ»՝ արձագանքելու Իրանի հարձակմանը, ասել է Լերները: Իսրայելի բանակի խոսնակը հավելել է, որ իր երկիրը կարող է «հարվածել կամ չհարվածել» Իրանին, սակայն, բացի այս տարբերակներից, «կան բազմաթիվ այլ սցենարներ»։

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Իսրայելը կարող է շուտով միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակմանը։ Հրապարակման մեջ չի նշվում ստույգ օրը, երբ հրեական պետությունը կպատասխանի հարձակմանը։ Թերթի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իսրայելի հարձակողական որևէ գործողության։ Վաշինգտոնը պնդում է, որ հրեական պետությունը ոչինչ չանի, որը կհանգեցնի հետագա էսկալացիայի: