Հայաստանում առանձնատան քառակուսի մետրի գնի մեջ շինության ստանդարտ տարածքից (250 քմ) բացի մտնում է նաեւ կից հողատարածքը (400 քմ): Այդ պատճառով առանձնատների միջին գնի մասին պաշտոնական տվյալները որոշակիորեն պայմանական են:

Այս տարվա սեպտեմբերի տվյալներով, Երեւանում առանձնատան քառակուս մետրի (վերոնշյալ սխեմայով) միջինը գինը 273 հազար դրամ էր: Համեմատության համար նշենք, որ բնակարանի 1 քմ-ի միջին գինը Երեւանում 256,5 հազար դրամ է: Երեւանում բնակարանների միջին տարածքը 63,1 քմ է, իսկ առանձնատներինը` 163 քմ:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում վաճառվել է 1355 առանձնատուն: Դրանցից 365-ը կամ 26,3 տոկոսը վաճառվել է Երեւանում: Մեկ տարի առաջ Երեւանի մասնաբաժինը 18,6 տոկոս էր:  Հանրապետությունում առանձնատենրի վաճառքը կրճատվել է 10,3 տոկոսով, իսկ մայրաքաղաքում ավելացել է 26,7 տոկոսով: Լոռիում առանձնատների վաճառքը կրճատվել է 61,2 տոկոսով, իսկ Սյունիքում` 12,7 տոկոսով: Երեւանը առաջատար է ոչ միայն առանձնատների առք ու վաճառքի գործարքների թվով, այլ նաեւ գներով:

Երեւանում առանձնատների միջին գնից բարձր են գները Կենտրոնում 1,7 անգամ, Արաբկիրում` 1,3 անգամ եւ Քանաքեռ – Զեյթունում` 1,01 անգամ: Սեպտեմբերին մայրաքաղաքի կենտրոնում առանձնատան քառակուսի մետրի միջին գինը 452,1 հազար դրամ էր` 1214 դոլար:  Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գինը նվազել է 6,5 տոկոսով: Սակայն գնանկումը համատարած չէ: Նոր Նորքում առանձնատան միջին գինը բարձրացել է 3,7 տոկոսով: Դա բացառություն է: Մյուս բոլոր համայնքներում առանձնատները էժանացել են 0,1-ից (Նուբարաշեն) մինչեւ 9,6 տոկոս (Շենգավիթ): Դոլարով առավելագույն բացարձակ անկումը գրանցվել է Արաբկիրում` 125 դոլար, Կենտրոնում` 117 դոլար, իսկ Շենգավիթում` 85 դոլար:

Կենտրոնում առանձնատան միջին գինը 73,7 միլիոն դրամ է (մոտ 198 հազար դոլար), Արաբկիրում` 59,3 միլիոն դրամ (159 հազար դոլար): Կենտրոն համայնքին մոտ գտնվող Արաբկիրի առանձնատները շատ ավելի բարձր գին ունեն: Միջին գինը ցածր է Արաբկիրի ծայրամասերում գտնվող առանձնատների գնի շնորհիվ: Մայրաքաղաքի ամենաէժան առանձնատները գտնվում են Նուբարաշենում` 24,5 միլիոն դրամ: