Իրանի բանակի համեմատ Իսրայելի զինուժն ավելի փոքրաթիվ է, սակայն տեխնիկապես շատ ավելի հագեցած է: Այդ մասին ասվում է երկու դիմակայող երկրների բանակներին նվիրված հոդվածում, որը հրապարակել է «Огонек»-ը:

Նշվում է, որ Իսլամական Հանրապետության բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդհանուր թվաքանակը հասնում է 523 հազար մարդու: Եվս 350 հազարը պահեստազորում են: Բացի այդ Կորպուսին են ենթարկվում դիմադրության «Բասիջ» ոչ կանոնավոր ուժերը, որոնց կազմում պաշտոնապես կա 12,6 միլիոն իրանցի, այդ թվում կանայք եւ երեխաներ:

Իրանի զինուժն ունի 1700 տանկ, 610 հետեւակի մարտական մեքենա, 640 զրահամեքենա, հրետանու 8200 միավոր, մոտ 200 ուղղաթիռ: Իրանի ռազմածովային ուժերը զինված են ռուսական նախագծի  երեք 877ԷԿՄ «Պալտուս», Ghadir դասի յոթ սուզանավերով եւ սեփական արտադրության Al Sabehat դասի երեք փոքր սուզանավերով:

Իրանի ափը պաշտպանում են Alvand տեսակի չորս ֆրեգատներ, Bayandor տեսակի երեք կորվետներ, մոտորանավերի եւ ականակիրների ոչ մեծ տորմիղը, ափում` հրթիռային մարտկոցները,  HY-2 Silkworm եւ YJ-2 կայանքներով:

Իրանի ռազմաօդային ուժերը ներառում են մոտ 300 ինքնաթիռներ` 130 կործանիչներ եւ 170 գրոհիչներ: Հակաօդային պաշտպանությունը ներառում է С-200, 45 С-75, 29 «Тор-М1» զենիթահրթիռային համալիրներ: Իրանն ունի նաեւ Shahab տեսակի 12-ից 18 բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը 1,5 հազար կիլոմետր է:

Իսրայելի Պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) ծառայում է 176,5 հազար մարդ: Պատերազմի դեպքում, Իսրայելը կարող է զորակոչել եւս 560 հազար մարդու:

ՑԱԽԱԼ-ի 3500 միավորանոց զրահատանկային ուժերի միջուկը կազմում են սեփական արտադրության Merkava տանկերը, որոնք գերազանցում են Իրանի հնացած տեխնիկան: Իսրայելի զինուժն ունի 10,5 հազար զրահամեքենա եւ 5,5 հազար միավոր հրետանի: Նավատորմի կազմում կան երեք Dolphin սուզանավեր, Eilat տեսակի երեք կորվետներ եւ մոտ 60 մոտորանավեր:

Իսրայելի ռազմաօդային ուժերը ներառում են 170 կործանիչներ, 270 գրոհիչներ եւ 80 մարտական ուղղաթիռներ:

Հակաօդային պաշտպանության զորքերում կան երեք ЗРК Arrow մարտկոցներ, վեց Patriot համալիրներ, 17 Improved Hawk մարտկոցներ: Փորձագետների կարծիքով, Իսրայելը կարող է ունենալ նաեւ 200 միջուկային մարտագլխիկներ 6,5 հազար հեռահարություն ունեցող Jericho հրթիռներով: Իսրայելը չի հաստատում եւ չի հերքում այդ ենադրությունները: