Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի նկատմամբ, որոնց համաձայն, ԵՄ-ն սառեցնում է Սիրիայի վարկավորումը եւ ընդլայնում սիրիացի պաշտոնյաներից կազմված «սեւ ցուցակը»: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, ԵՄ խորհրդում ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
Ըստ ամփոփիչ հայտարարության նախագծի, Եվրամիությունն արգելել է Սիրիայի վարկավորումը Եվրոպական ներդրումային բանկի գծով: Սիրիան կզրկվի ոչ միայն նոր վարկերից, այլեւ հին վարկերի հերթական տրանշներից: Բացի այդ, Դամասկոսին չի տրամադրվի եվրոպական տեխնիկական որեւէ տեսակի օգնություն:
Սիրիացի պաշտոնյաներից կազմված «սեւ ցուցակում» ներառվել են սիրիական բանակի հրամանատարության 18 ներկայացուցիչներ, որոնց ԵՄ-ն համարում է անձամբ պատասխանատու երկրի ընդդիմադիրների դեմ բռնությունների հարցում:
Բոլոր նրանց կարգելվի մուտք գործել Եվրոպա եւ նրանց բանկային ակտիվները եվրոպական բանկերում կսառեցվեն, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան, նախորդ շաբաթ, իր արտակարգ նիստում սառեցրել է Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը:




























