Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն կարեւոր իրադարձություն է անվանել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որ կայանալու է Բաթումիում նոյեմբերի 18-19-ին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
«Հանձնաժողովի նիստը կայանալու է արդեն 9-րդ անգամ: Պետք է նշել, որ միջկառավարական հանձնաժողովները ներկաայցված են ամենաբարձր մակարդակով: Դրանք ղեկավարում են Վրաստանի եւ Հայաստանի վարչապետները»,- ասել է Կալանդաձեն:
Ինչպես նշել էին ավելի վաղ Վրաստանի տնտեսական գերատեսչությունից, նիստում քննարկվելու են առեւտրաշրջանառության զարգացման, ներդրումների ներգրավման հրանավորության, զբոսաշրջության ակտիվացման հարցերը, որոնք քննարկվել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի այցի ընթացքում:
Նախարարության տվյալներով, Հայաստանը Վրաստանի գլխավոր առեւտրային գործընկերներից է:
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2010թ. կազմել է 205,9 մլն դոլար:



























