Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը, նոյեմբերի 14-ին, կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ «հանուն իր երկրի շահերի»: «Կարծում եմ` եթե ես լինեի նրա փոխարեն, հրաժարական կտայի»,- ըստ BBC-ի ասել է թագավորը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի նկատմամբ, որոնց համաձայն, ԵՄ-ն սառեցնում է Սիրիայի վարկավորումը եւ ընդլայնում սիրիացի պաշտոնյաներից կազմված «սեւ ցուցակը»: Սիրիան կզրկվի ոչ միայն նոր վարկերից, այլեւ հին վարկերի հերթական տրանշներից: Բացի այդ, Դամասկոսին չի տրամադրվի եվրոպական տեխնիկական որեւէ տեսակի օգնություն:
Սիրիացի պաշտոնյաներից կազմված «սեւ ցուցակում» ներառվել են սիրիական բանակի հրամանատարության 18 ներկայացուցիչներ, որոնց ԵՄ-ն համարում է անձամբ պատասխանատու երկրի ընդդիմադիրների դեմ բռնությունների հարցում:
Բոլոր նրանց կարգելվի մուտք գործել Եվրոպա եւ նրանց բանկային ակտիվները եվրոպական բանկերում կսառեցվեն: Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան, նախորդ շաբաթ, իր արտակարգ նիստում սառեցրել է Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը: