Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը (ԱԶՍԲ) մինչ այժմ Հայաստանում ֆինանսավորել է 18 տարբեր ներդրումային ծրագրեր: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին,հայտարարել է բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարեւորել է այս հանդիպումը երկկողմ համագործակցության հեռանկարների դիտարկման տեսանկյունից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ ԱԶՍԲ-ի միջեւ առկա համագործակցության ներկա մակարդակից:

Անդրեյ Կոնդակովն ընդգծել է, որ իրենք պատրաստ են ընդլայնելու մեր երկրի տնտեսական համակարգում իրենց ներկայացվածության ուղղությունները:

ԱԶՍԲ-ի նախագահը տեղեկացրել է, որ բանկի բաժնետերերի տարեկան ժողովը 2012 թվականին պետք է անցկացվի Երեւանում՝ հունիսի 1-10-ին: Ժողովի շրջանակում ծրագրվում է մեր երկրում կազմակերպել նաեւ միջազգային բիզնես-ֆորում, որի նպատակն է լինելու գտնել երկկողմ համագործակցության նոր ուղղություններ եւ հաստատել կապեր հայ գործարարների հետ:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ԱԶՍԲ-ի կողմից Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի հնարավոր ֆինանսավորմանն առնչվող հարցեր: