«Իրանը Ադրբեջանին վերաբերվում է որպես փոքրի եւ միջամտում նրա ներքին գործերին: Ադրբեջանա-իրանական հարաբերություններում ստեղծված լարվածությանը խնդրահարույց է: Այդ հարաբերությունների կարգավորման համար որոշակի ջանքեր պետք է ձեռանարկել», գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական աղբյուրները:

«Իրանի դեմ պատերազմի վտանգի աճի պայմաններում երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների առկայությունը Ադրբեջանի իշխանության համար լուրջ խնդիրներ է ստեղծում: Ադրբեջանական կողմը կարծում է, որ Իրանը չպետք է խառնվի Ադրբեջանի ներքին գործերին: Վերջին շրջանում Իրանի այաթոլաների հայտարարություններում Ադրբեջանը ներկայացվում է որպես  Իսրայելի պես թշնամի երկիր Իրանի համար: Իրանի կառավարությունը պետք է իմանա, որ Ադրբեջանի հետ այդ լեզվով խոսելը եւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Եթե իրանական կողմը ձեռք չքաշի իր որդեգրած ոչ կառուցողական դիրքորոշումից, ապա առաջին հերթին ինքն է տուժելու դրանից: Մինչ օրս Ադրբեջանը խնդրահարույց չի դարձրել իրանա-հայկական ջերմ հարաբերությունները: Մինչդեռ Իրանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, օրինակ հիջաբների հետ կապված խնդրին: Դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, եւ կարգավորվում է Ադրբեջանի սահմանադրությամբ»,-գրում է «Պոլիգոնը»: 

Ավելի վաղ  NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արեւելյան Ադրբեջանի համալսարանների դասախոսական անձնակազմը Թավրիզում հնչեցրած ելույթներում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը որակել էր որպես «հանցագործ եւ հակաիսլամական»:

Նշենք, որ Իրանը սկսեց հակաադրբեջանական ելույթներով հանդես գալ այն ժամանակաշրջանից, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հիջաբ կրելը, իսկ դրան հաջորդեցին նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդի եւ մի շարք անդամների ձերբակալությունները:

Իրանն, իր վրա վերցնելով շիա մուսուլմանական աշխարհի առաջնորդի պարտավորությունները, իրավունք է վերապահում իրեն վերահսկել Ադրբեջանում ընթացքող կրոնական բնույթի գործընթացները, ինչը մեծ դժգոհության տեղիք է տալիս Ադրբեջանում: