Իրանական հետախուզությունը նախատեսում է քաղաքական սպանություններ իրականացնել Ադրբեջանում, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով ամերիկյան «Fox-11» հեռուստաալիքի հրապարակած տեղեկությունները: Հեռուստատեսության պնդմամբ, Իրանը նախատեսում է քաղաքական սպանություններ կազմակերպել Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում: Դա հայտնաբերել են ԱՄՆ հատուկ ծառայության մարմինները»,-գրում է «Ազադլըգը»:
Տեղեկության համաձայն, քաղաքական սպանությունների ծրագիրը նախապատրաստվել են Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, եւ այդ կառույցի գաղտնի գործակալները մեքսիկական թմրավաճառների օգնությամբ նպատակ ունեին իրագործել ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում է Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքիան եւ Իրանը:
«Ազադլըգը» նշում է, որ իրանական կողմը ժխտել է այդ պնդումները, դա որակել է որպես «Ամերիկայի հորինվածք» եւ պնդել, որ ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել Իրանի հարաբերութունները հարեւան պետությունների հետ:
Նշենք, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա է լուրջ լարվածություն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արեւելյան Ադրբեջանի համալսարանների դասախոսական անձնակազմը Թավրիզում հնչեցրած ելույթներում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը որակել էր որպես «հանցագործ եւ հակաիսլամական»:
Հիշեցնենք, որ Իրանը սկսեց հակաադրբեջանական ելույթներով հանդես գալ այն ժամանակաշրջանից, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հիջաբ կրելը, իսկ դրան հաջորդեցին նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդի եւ մի շարք անդամների ձերբակալությունները:




























