Եթե «Հարավային Կիպրոսի հույն կիպրացիների վարչակազմը» նախագահության ժամկետ ստանա Եվրամիությունում, Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ հետ 6 ամսով: Այդ մասին Կովկասի լրագրողների ցանցում կայացած օնլայն-խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» խմբակցության պատգամավոր, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օղանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
«Թուրքիայի այդ քննարկումը լիովին իրատեսական է»,- հայտարարել է թուրք պատգամավորը:
Միեւնույն ժամանակ Օղանը հնարավոր է համարել երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
«Բնականաբար, Թուրքիան հնարավորություն ունի անդամակցելու ԵՄ-ին: Բայց չեմ կարծում, թե դա կիրականացվի կարճաժամկետ հեռանկարում»,- հայտարարել է նա` բացատրելով իր դիրքորոշումը Թուրքիա-ԵՄ տնտեսական հարաբերություններով: «Քանի դեռ ԵՄ երկրները պայքարում են տնտեսական ճգնաժամի դեմ, Թուրքիան միշտ շանս ունի անդամակցելու իր կայուն տնտեսությամբ»,- նշել է Օղանը:
Որպես խոչընդոտ օղանը նշել է ժողովրդավարության խնդիրները Թուրքիայում: Նշենք, որ ասուլիսն ընթանում էր օնլայն-ռեժիմով եւ լրագրողները հնարավորություն չունեին ընթացքում հարցեր հղելու եւ պարզելու Օղանի կարծիքը` արդյոք ԵՄ-ն կցանկանա այդ վեց ամսից հետո ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ:




























