Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքել է, թե ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, նոյեմբերի 14-ին Երեւանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրեւ թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Առավոտ.am» կայքը, Երեւանում, այսօր` 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»), ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին:

Ըստ ականատեսների, Սուրեն Խաչատրյանը մտնելով «Մարիոթ» հյուրանոց եւ ֆոյեում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ մոտեցել է, ոտքով հարվածել վերջինիս, ապա հարձակվելով հանկարծակիի եկած կնոջ վրա՝ հարվածների տեղատարափ է տեղացել: Սիլվա Համբարձումյանն այս փաստի առիթով դիմել է ոստիկանապետին: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի «հերոսական կեցվածքը»:

Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել Սուրեն Խաչատրյանի եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին՝ ովքեր հավակնություններ էին դրսեւորել Սիլվա Համբարձումյանին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի նկատմամբ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Սյունիքի մարզպետին Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր նաեւ միլիոնավոր դոլարների սարքավորումներ «գողանալու» մեջ: