Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին, նոյեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած ավտովթարից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդից բացի, հիվանդանոցում մահացել է նաեւ ուղեւորներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Գեղարոտ գյուղի մոտակայքում), տեղի է ունեցել ավտովթար եւ կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 28 ՏՏ 801 համարանիշի եւ  «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՍԼ 206 համարանիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «Օպել Վեկտրա»-ից դուրս են բերել ուղեւոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Նունե Լամբարյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց:

Ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Կարեն Սիրադեղյանի  դին եւ հանձնվել   շտապօգնության բրիգադին:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա»-ի եւս երկու ուղեւորներ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Սիրադեղյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Արեն Պողոսյանը տեղի ուժերով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց:  Ա.Պողոսյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդ Ֆ. Փանջոյանը նույնպես տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց: